Jump to content

ՀՍՀ/«ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ԽՈՒՄԲ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ԽՈՒՄԲ, ռուսական առաջին մարքսիստական ս–դ. կազմակերպությունը։ Հիմնադրել են 1883-ին, Ժնևում (Շվեյցարիա) Գ. Պլեխանովը, Պ. Աքսելրոդը, Վ. Զասուլիչը, Լ. Դեյչը, Վ. Իգնատովը։ Խումբը մեծ գործ է կատարել Ռուսաստանում մարքսիզմը տարածելու ուղղությամբ։ «Ա. ա.» խ–ի անդամները (Գ. Պլեխանով, Վ. Զասուլիչ) անձամբ կապ են պահպանել Ֆ. էնգելսի հետ։ Խմբի անդամների թարգմանությամբ ռուսերեն հրատարակվել և Ռուսաստանում գաղտնի տարածվել են Կ. Մարքսի և Ֆ. էնգելսի մի շարք աշխատությունները, այդ թվում՝ «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը»։ Գ. Պլեխանովը իր աշխատություններում՝ «Սոցիալիզմը և քաղաքական պայքարը» (1883), «Մեր տարաձայնությունները» (1885), «Պատմության նկատմամբ մոնիստական հայացքի զարգացման հարցի շուրջը» (1895) շարադրել է մարքսիզմի հիմնական հարցերը և բացահայտել նարոդնիկության էությունը։ «Ա. ա.» խ. հրատարակել է ծրագրի երկու նախագիծ (1884 և 1888)։ 1888-ին խումբը հիմնադրել է «Ռուսական սոցիալ–դեմոկրատսւկան միությունը», շարունակելով հրատարակել ս–դ. հեղափոխական գրականություն, այդ թվում «Սոցիալ–դեմոկրատ» հանդեսը։ ՌՍԴԲԿ II համագումարում (1903) «Ա. ա.» խ. հայտարարեց իր գործունեության դադարեցման մասին։ Խումբն ուներ լուրջ սխալներ։ Պլեխանովը ճիշտ չէր գնահատում լիբերալ բուրժուազիայի դերը հեղափոխության մեջ, թերագնահատում էր պրոլետարիատի և գյուղացիության դաշինքի նշանակությունը։ «Ա. ա.» խ. պրակտիկ կերպով կապված չէր մասսայական բանվորական շարժման հետ։ Մարքսիզմը բանվորական շարժման հետ կապելու խնդիրը Ռուսաստանում առաջին անգամ իրականացրեց Վ. Ի. Լենինի կազմակերպած Պետերբուրգի «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միություն»–ը։