ՀՍՀ/«ԱՇԽԱՐՀ» ԵՐԿԻՐ
«ԱՇԽԱՐՀ», հայ մատենագրության մեջ այս կամ այն ժողովրդի երկիրը սովորաբար կոչվել է «աշխարհ»՝ «Պարսից աշխարհ» (պարսիկների երկիր, Պարսկաստան), «Վրաց աշխարհ» (վրացիների երկիր, Վրաստան), «Հայոց աշխարհ» (հայերի երկիր, Հայք, Հայաստան) ևն։ «Ա.» էլ իր հերթին մասնատվում է տերիտորիալ ավելի փոքր միավորումների՝ «փոքր աշխարհ»–ների, իսկ սրանք էլ՝ գավառների։ Սակայն «փոքր աշխարհ»–ները նույնպես հաճախ կոչվել են «Ա.»։ Մեծ Հայքը (Պատմական Հայաստան) ուներ 15 «փոքր աշխարհ»՝ Այրարատ, Սյունիք, Վասպուրական, Տուրուբերան, Գուգարք, Ուտիք, Արցախ, Փայտակարան, Պարսկահայք, Կորճայք, Սոկք, Աղձնիք, Չորրորդ Հայք (Ծոփք), Բարձր Հայք և Տայք։ Դրանց մի մասը միջին դարերում սոսկ բնական մեծ շրջաններ էին (Այրարատ, Տուրուբերան ևն), իսկ մյուս մասը՝ վարչա–տերիտորիալ միավորներ (Սյունիք, Տայք, Մոկք, Գուգարք ևն)։ Որպես «փոքր աշխարհ»–ի հոմանիշներ գործ են ածված նաև «Կողմ», «Դունդ», «Տուն» տերմինները։
