Jump to content

ՀՍՀ/«ԱՇԽԱՐՀԱՑՈՅՑ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԱՇԽԱՐՀԱՑՈՅՑ» («Աշխարհացույց»), տիեզերագիտության և աշխարհագրության հայերեն ձեռնարկ, որին կից եղել է քարտեզների ժողովածու՝ ատլաս։ Կազմվել է 591–610-ի միջև։ Ա. բառացի նշանակում է Աշխարհի ատլաս։ Պահպանվել են այդ քարտեզները նկարագրող աշխատության ընդարձակ և համառոտ բնագրեր։ Ա–ի հեղինակի անունը հայտնի չէ։ Իբրև աշխարհագրության ձեռնարկ, Ա. դասավանդվել է միջնադարյան Հայաստանի դպրոցներում՝ Սովսես խորենսւցու «Հայոց պատմության» և Անանիա Շիրակացու մաթեմատիկական ու տիեզերագիտական աշխատությունների հետ և, սովորաբար, կցված է եղել դրանց։ Ուստի մեզ հասած ձեռագրերի մի մասում Ա–ի հեղինակ է համարվում Սովսես Խորենացին, իսկ մյուսներում՝ Անանիա Շիրակացին։ Այն իր կառուցվածքով նմանվում է հույն աշխարհագիր Կլավդիոս Պտղոմեոսի (90–168) «Աշխարհսւգրությսւն»–ը։ Ա–ի ներածականում՝ «Հասարակախոսություն»–ում տրվում է տիեզերագիտությունը և Երկրի, որպես մոլորակի, նկարագրությունը։ Ա–ի հեղինակը հունաբան դպրոցի ականավոր և առաջադեմ ներկայացուցիչներից է, հետևում է հելլենիստական ժամանակաշրջանի տիեզերագիտական հայացքներին։ Երկիրը պատկերացնում է գնդաձև և զարգացնում է երկրակենտրոն (գեոցենտրիկ) տեսությունը՝ տալով գլոբուսը և աշխարհի քարտեզը կազմելու տարրերը։ Երկրի միջօրեականը տրվում է ըստ հույն աշխարհագիր Երատոսթենեսի (մ. թ. ա. 276–194)։ Ա–ի հեղինակը մաթեմատիկական հաշիվներով կառուցել է աստիճանացանց, որի մեջ տրված է այն ժամանակ հայտնի աշխարհը։ Վերջինս ընդգրկում է Արևելյան կիսագնդի հյուսիսային մասը, որը բաժանված է յոթ կլիմայական գոտիների՝ «նահանգների»։ Ներածականից հետո սկսվում է Ա–ի բուն մասը («Երկրաչափը»), որը կազմված է երկու բաժիններից։ Առաջինը կոչվում է «Աշխարհագիր» կամ «Աշխարհագրություն» ե պարունակում է աշխարհի քարտեզագրական նկարագրությունը, որի հիման վրա կազմվել է աշխարհի քարտեզը՝ «Աշխարհացոյց քարտեզ տիեզերաց»–ը։ Այս բաժնում հասարակածի նկարագրությունից հետո տրվում է ջրագրությունը, օվկիանոսի (Ատլանտյան) և երեք հիմնական ծովերի՝ Հնդկական (Հնդկական օվկիանոս), Հունական (Միջերկրական ծովը Պոնտոսի՝ Աև ծովի հետ միասին) և Կասպից ծովի նկարագրությունը՝ նրանց մեջ թափվող հիմնական գետերով և կղզիներով։ Ջրագրությանը հետևում է մայր ցամաքի նկարագրությունը, որը բաժանվում է երեք մասի՝ «Եվրոսյա», «Լիբիա» (Աֆրիկա) և «Ասիա»։ «Երկրաչափի» երկրորդ բաժինը՝ «Երկրագրութիւնը», նկարագրում է առանձին երկրամասերն ըստ մայր ցամաքների՝ հետևելով Պտղոմեոսի «Երկրագրության» հաջորդականությանը։ Հայաստանից և նրան շրջապատող երկրներից դուրս գտնվող երկրամասերին վերաբերող բաժինները հիմնականում Պտղոմեոսի աշխատության համապատասխան գլուխների համառոտ շարադրանքն են և ունեցել են առանձին քարտեզներ՝ կազմված նրա քարտեզների հիման վրա։ Ա–ի հեղինակը Պտղոմեոսի երկը հագեցնում է նոր նյութերով և համապատասխանեցնում իր ժամանակաշրջանին։ Գիտության համար նոր խոսք է Մեծ Հայքի, Վրաց աշխարհի, Աղվանքի, Պարսից աշխարհի, մասամբ և Կողքիսի, Հյուսիսային Կովկասի («Ասիական Աարմատիա») և Փոքր Ասիայի («Միջերկրեայք»), Միջագետքի ու Ասորիքի նկարագրությունը, որին նվիրված է Ա–ի բնագրի մեծ մասը։ Նշված երկրամասերի պտղոմեոսյան նկարագրությունը չէր բավարարում Ա–ի հեղինակին, ուստի նա դիմել է այլ աղբյուրների։ Ա–ի բնագրի հետազոտությունից երևում է, որ աշխարհի մեզ չհասած ատլասը պարունակել է շուրջ 15 քարտեզ։ Ա–ի ուսումնասիրությունը վկայում է, որ վաղ միջնադարյան Հայաստանում եղել է զարգացած քարտեզագրություն, որը նախորդել է արաբական քարտեզագրությանը։ Մեզ է հասել նաև XIII ղ. «Աշխարհացոյց»–ը՝ Վարդան Արևելցու անունով, որը զուրկ է քարտեզագրական տարրերից։

Գրկ. Երեմյան Ս., Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»–ի, Ե., 1963։ Патканов К., Армянская география VII века, СПБ, 1877; Géographie de Moïse de Corène d'après Ptolémée. Texte arménien, traduit en français par le P.A. Soukry, Venise, 1881; Marquart J., Ērānšahr nach der Geographie des ps. Moses Xorenaći, B., 1901. Ս. Երեմյան