ՀՍՀ/«ԱՌԱՎՈՏ» ՊՈԼԻՍ
«ԱՌԱՎՈՏ», քաղաքական, գրական շաբաթաթերթ (1924-ի հոկտեմբերի 22-ից՝ օրաթերթ)։ Հրատարակվել է 1909–24-ին (ընդհատվել է 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին), Կ. Պոլսում։ Եղել է Վերակազմյալ հնչակյան կուսակցության, 1920-ից Ազգային ազատագրական կուսակցության Կ. Պոլսի նահանգական վարչության, 1921-ի հոկտեմբերից Ռամկավար ազատական կուսակցության օրգան։ Խմբագիրներ՝ Մ. Սուրյան, Հրաչ Երվանդ, Մկրտիչ Կապրաշ, Ն. Մինասյան, Ե. Անդրեասյան։ Թերթն անդրադարձել է արևմտահայերի ազգային-ազատագրական հարցերին, դատապարտել թուրքական կառավարության հայահալած քաղաքականությունը։ «Ա.»–ի ելույթները առանձնապես սուր են դարձել 1920-ին, Հունաստանի ռազմական հաջողությունների շրջանում, ապա չափավորվել Թուրքիայի ռազմա–քաղաքական դրության կայունացման հետ, և թերթը արևմտահայերի ինքնորոշման պահանջը փոխարինել է ներքին ինքնավարության խնդրով (1863-ի սահմանադրության կիրառում)։ Դատապարտել է Ալեքսանդրապոլի պայմանագիրը և փետրվարյան ավանտյուրան։ «Ա.»–ի էջերում տպագրվել են նյութեր Սովետական Հայաստանի տնտեսական և մշակութային շինարարության մասին, բանաստեղծություններ, թարգմանություններ եվրոպական և ամերիկյան գրականությունից։ «Ա.»–ին աշխատակցել են Ե. Օտյանը, Հայկանուշ Մռաքը, Վ. Զարդարյանը, Մ. Նաթանյանը, Պ. Քեչյանը, Վ. Շահրիմանը, Վ. Թոթովենցը, Վ. Շուշանյանը և ուրիշներ։
