Jump to content

ՀՍՀ/«ԱՍԻԱՆԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԱՍԻԱՆԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ», սովորաբար այսպես են կոչվում Փոքր Ասիայի և հարակից շրջանների այն հին լեզուները, որոնք չեն մտնում հայտնի լեզվաընտանիքների (հնդեվրոպական, սեմական, իբերո–կովկասյան) մեջ և ցեղակցական որոշակի ամբողջություն չեն նշանակում։ «Ա. լ.» անվանումը լայն գործածություն է ունեցել 1920–30-ին և սկզբից էլ զուրկ է եղել գիտական որոշակի բովանդակությունից։ «Ա. լ.» են համարվել առաջին հերթին խաթերենը (նախախեթերենը), խուռիերենը, ուրարտերենը։ Տարբեր ժամանակներում դրանց միացվել են նաև խեթերենը, լուվիերենը, հիերոգլիֆային խեթերենը, լիդիերենը, լիկիերենը, որոնց հնդեվրոպական բնույթն այժմ կասկածներ չի հարուցում։ Հայ իրականության մեջ «Ա. լ.» հասկացությանը հաճախ է դիմել պրոֆ. Գ. Ղափանցյանը, որը, վերոհիշյալ լեզուներին միացնելով նաև հայերենը, ժխտել է խեթա–լուվիական լեզուների ու հայերենի հնդեվրոպական բնույթը, ընդունել դրանց մեջ լոկ հնդեվրոպական շերտի առկայությունը և, փաստորեն, հանգել այդ լեզուների երկբնույթ լինելու տեսակետին։ Այսպիսի սկզբունքներ դավանելով հանդերձ՝ պրոֆ. Գ. Ղափանցյանը մեծ դեր է կատարել հայերենի և «ասիանական» համարվող լեզուների առնչությունների ուսումնասիրության գործում։

Գրկ. Ղափանցյան Գ., Հայերի և հայերենի գոյացման շուրշը, «ՍԳ», 1941, № 1։ Նույնի, Հայոց լեզվի պատմություն, Ե., 1961։ Նույնի, К происхождению армянского языка, Е., 1946; Асмангулян А. А., Против гипотезы «двухприродности» армянского языка, «Вопросы языкозняния», 1953, № 6; Горнунг Б. В., О так называемых «азтанических» языках, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս. գիտ.», 1954, № 6; Джаукян Г. Б., Очерки по истории дописьменного армянского языка, Е., 1967.