Jump to content

ՀՍՀ/«ԱՍՈՐԱ–ՀՌՈՄԵԱԿԱՆ ԴԱՏԱՍՏԱՆԱԳԻՐՔ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
«ԱՍՈՐԱ–ՀՌՈՄԵԱԿԱՆ ԴԱՏԱՍՏԱՆԱԳԻՐՔ» | Հայկական Սովետական Հանրագիտարան • Հատոր 1 (տեսածրված) • 1975

«ԱՍՈՐԱ–ՀՌՈՄԵԱԿԱՆ ԴԱՏԱՍՏԱՆԱԳԻՐՔ», ասորական (սիրիական) ստրկատիրական իրավունքի նորմերի ժողովածու, որը կազմվել է Փոքր Ասիայում, հավանաբար, 476–477-ին, Արևելյան Հռոմեական կայսրության (Բյուզանդիայի) առաջացման ժամանակաշրջանում։ Այդ են վկայում դատաստանագրքի ներածությունը և մի շարք հոդվածներ, որտեղ հիշատակված են IV–V դդ. կայսրեր, որոնց անունով ժողովածուն հայտնի է նաև «Օրենք յաղթող թագավորացն Կոստանդիանոսի, Թէոդոսի և Լևոնի»։ Դատաստանագրքում կայսրերի անունների հիշատակումը մի շարք հետազոտողների հանգեցրել է այն եզրակացության, թե իբր այն իր ծագումով և բնույթով հռոմեական է։ Մինչդեռ հիշատակումն արված է ժողովածուին բարձր արժեք և հեղինակություն ապահովելու նկատառումով։ Իսկ դատաստանագրքի «Ասորա–հռոմեական» անվանումը առաջացել է հետագայում, թյուրիմացաբար։ «Ա–հ. դ.» տարածված է եղել ողջ Առաջավոր Ասիայում, այդ թվում և Հայաստանում, նրա մի քանի հոդվածներն իրենց արտացոլումն են գտել Մխիթար Գոշի Դատաստանագրքի մեջ։ Ժողովածուն մեզ է հասել ասորերեն, հայերեն և արաբերեն լեզուներով, որոնք գերմաներեն թարգմանություններով հանդերձ 1880-ին հրատարակել է Բեռլինի համալսարանի պրոֆեսոր Կ. Բրունսը՝ Ե. Զախաուի աշխատակցությամբ։ Այս հրատարակության մեջ հայերեն խմբագրությունը ունի 141, իսկ Ա. Ղլտճյանի 1917-ին Էջմիածնում հրատարակածը՝ 151 հոդված։

Դատաստանագիրքը բնագրից հայերենի է թարգմանել Ն. Լամբրոնացին 1197-ին, թեև բացառված չէ, որ եղել է նաև ավելի վաղ թարգմանություն։ Հայերեն տարբերակը ասորականի սոսկ թարգմանությունը չէ, այլ նոր խմբագրություն, որն անտեղյակության կամ թյուրիմացության հետևանքով համարվել է հայկական ու Գոշի Դատաստանագրքի հետ միասին թարգմանվել վրացերենի և մտել Վախթանգ VI թագավորի օրենքների ժողովածուի մեջ՝ «Հայկական օրենքներ» ընդհանուր վերնագրով։ Դատաստանագիրքը հիմնականում քաղաքացիական օրենսգիրք է, հոդվածների ճնշող մեծամասնությունը նվիրված է գույքային հարաբերություններին։ Նրա համակարգը մոտավորապես հետևյալն է. առուծախի պայմանագրեր, քաղաքացիական գործարքների վաղեմություն, պարտավորություններ և գրավի իրավունք, ժառանգական իրավունք, ստրկատիրական իրավունք, հոգևորականների, բժիշկների և գիտնականների ապահարկության և այլ գույքային արտոնություններ, ամուսնություն և ապահարզան, ամուսինների գույքային և ոչ գույքային հարաբերություններ, ծնողների և զավակների փոխհարաբերություններ, քրեական և դատավարական իրավունք։ Դատաստանագիրքը դեռևս չունի գիտական հրատարակություն և հայերեն լեզվով չի ենթարկվել մանրազնին ուսումնասիրության։

Գրկ. Ասորական դատաստանագիրք, լույս ընծայեց Արսեն վրդ. Ղլտճյանց, Էջմիածին, 1917։ Սամուելյան Խ., Հին հայ իրավունքի պատմություն, հ. 1, Ե., 1939։ Թովմասյան Ա. Թ., Հին և միջնադարյան հայ քրեական իրավունք, Ե., 1962։ Сукиасян А. Г., Общественно-политический строй и право Армении в эпоху раннего феодализма ( III- IX вв. н. э.), Е., 1963. Ա. Սուքիասյան