ՀՍՀ/«ԱՍՏՂԱԼԻՑ ԵՐԿԻՆՔ»
«ԱՍՏՂԱԼԻՑ ԵՐԿԻՆՔ», հայկական առաջին աստղագիտական տպագիր քարտեզը (եթե չհաշվենք հիմնականում աշխարհագրական բնույթ ունեցող «Համատարած աշխարհացոյց»-ի վրա երկնոլորտի պատկերումը)։ «Աստղալից երկինք» քարտեզի չափերն են 39 սմ × 25,7 սմ։ Այն զետեղված է Մխիթար Սեբաստացու «Բառգիրք հայկազեան լեզուի» (հ. 1, 1749) գրքում, որպես ներդիր։ Կենտրոնական մասում տրված են երկնոլորտի կիսագնդերը համաստեղությունների նկարներով (թվով 63), միգամածություններով ու անզեն աչքով տեսանելի աստղերով։ Պատկերված են Ծիր կաթինը, բևեռները, հակման շրջանները, Խավարածիրը և այլն։ Ստորին մասում տրված են երկնոլորտի ստերեոգրաֆիկ պրոյեկցիաները։ Քարտեզի անկյուններում նկարված են Յուպիտերը (նույնիսկ ցույց է տրված նրա մթնոլորտում դիտվող շերտերը) և Սատուրնը իրենց չորսական արբանյակներով, Լուսինը և Մարսը։ Քարտեզի նկարներից մեկի կենտրոնական մասում Երկիրն է, որի շուրջը պտտվում են Լուսինը, Արեգակը, Մարսը, Յուպիտերը և Սատուրնը, իսկ Մերկուրին ու Վեներան պտտվում են Արեգակի շուրջը, այսինքն՝ տրված է աշխարհի կառուցվածքը ըստ, այսպես կոչված, հին եգիպտական համակարգի։
Գրկ. Թումանյան Բ. Ե., Հայ աստղագիտության պատմություն, [հ. 1], Ե., 1964, էջ 213–15։
