Jump to content

ՀՍՀ/«ԱՍՏՐԱԽԱՆԻ ՀԱՅՈՑ ԴԱՏԱՍՏԱՆԱԳԻՐՔ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԱՍՏՐԱԽԱՆԻ ՀԱՅՈՑ ԴԱՏԱՍՏԱՆԱԳԻՐՔ», ֆեոդալական հայ իրավունքի Օրենսգիրք, որով կարգավորվում էին հարավային Ռուսաստանի հայ գաղութների (Աստրախան, Նոր Նախիջևան, Մոզդոկ, Ղզլար) բնակչության իրավահարաբերությունները։ Ռուսաստանի Սենատը 1746-ի սեպտ. 17-ին ընդունեց հայերի և մյուս օտարերկրացիների տնտեսական, իրավական ու կրոնական դրությունը որոշող հրամանագիր։ Դրա հիման վրա հայերը ստեղծեցին իրենց սեփական դատարանը (Ռատհաուզ), որից հետո դատաստանագիրք ունենալը դարձավ խիստ անհրաժեշտություն։ «Ա. հ. դ.»–ի ստեղծման աշխատանքները սկսվեցին 1747–48-ին, բայց վերջնականապես ավարտվեցին 1765-ին։ Կազմողներն էին Եղիազար Գրիգորյանը, Գրիգոր դի Սաֆար Կամպանյանը և Օհանի որդի Սարգիսը՝ ժամանակի կրթված և առաջավոր գաղափարների տեր անձնավորություններ: Դատաստանագիրքը բաղկացած էր 3 բաժնից՝ դատարանակազմություն և դատավարություն, քրեական իրավունք, քաղաքացիական իրավունք, 52 գլխից՝ 1135 հոդվածով։ Աղբյուրներ են ծառայել հայ սովորութական իրավունքի նորմերը, Մխիթար Գոշի Դատաստանագիրքը, Ռուսական կայսրության 1649-ի օրենքների ժողովածուն, հունա–հռոմեական օրենքները։ Դատաստանագրքով կարգավորվում էին քրեական, քաղաքացիական և ամուսնա–ընտանեկան իրավահարաբերությունները։ Մեծ թիվ էին կազմում պարտավորական իրավունքի, հատկապես՝ գրավի և առուծախի վերաբերյալ նորմերը։ Դատաստանագրքի հոդվածներից երևում է, որ հայկական դատարանին է վերապահված եղել բնակչության վրա հարկերը բաշխելու և ժողովելու գործը։ Ըստ դատաստանագրքի, դատարանը կատարել է ֆինանսական մարմնի և ոստիկանատան դեր։ Սահմանել է ծառաների իրավական դրությունը, նրանց գնելու և վաճառելու, ծառաների ու տերերի միջև եղած հարաբերությունները ևն։ Դատաստանագրքում նշված են պետական, տնտեսական, անձի կյանքի, առողջության, ազատության և արժանապատվության դեմ ուղղված ու այլ բնույթի հանցագործություններ։ «Ա. հ. դ.» ունեցել է ընդգծված դասակարգային բովանդակություն. նույն հանցանքի համար տարբեր պատիժ էր նախատեսվում ազատ քաղաքացու և ծառայի նկատմամբ։ Պատժատեսակներից էին՝ մահապատիժը, անդամահատումը, բանտարկությունը, աքսորը, ծեծը, տուգանքը ևն։ Դատաստանագիրքը վկայում է, որ Ռուսաստանի հայ գաղութների բնակչությունը եղել է համեմատաբար բարվոք վիճակում, քան հայերը Թուրքիայում և Պարսկաստանում։ Միաժամանակ դատաստանագիրքը հնարավորություն է ընձեռում ուսումնասիրել Ռուսաստանի հայ գաղութների պատմությունը, համայնքի ներքին կյանքը, սոցիալ–տնտեսական վիճակը և դրանցից բխող իրավական փոխհարաբերությունները։

Գրկ. Դատաստանագիրք Աստրախանի հայոց, աշխատասիր. Ֆ. Գ. Պողոսյանի, Ե., 1967։ Մ. Խաչատրյան