Jump to content

ՀՍՀ/«ԱՎԱՆԳԱՐԴ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԱՎԱՆԳԱՐԴ», երկօրյա թերթ, օրգան ՀԼԿԵՄ Կենտկոմի (սկզբում՝ ՌԿԵՄ Անդրկովկասյան երկրային կոմիտեի և ՀԿԵՄ Կենտկոմի)։ Հրատարակվում է Երևանում, 1923-ից (Հայրենական պատերազմի տարիներին լույս չի տեսել)։ Արծարծում է երիտասարդության կոմունիստական դաստիարակության խնդիրներ, լուսաբանում համամիութենական, հատկապես Հայաստանի կոմերիտական կազմակերպությունների աշխատանքը, պրոպագանդում երիտասարդության հայրենանվեր գործունեությունը և ինտերնացիոնալ համախմբվածությունը։ Թերթում զգալի տեղ է տրվում նոր մարդու բարոյական կերպարի ձևավորման, պատանիների ու աղջիկների ֆիզիկական, աշխատանքային և գեղագիտական դաստիարակության հարցերին։ Տպագրվում են երիտասարդ բանաստեղծների և արձակագիրների ստեղծագործություններ, գրախոսականներ արվեստի և գրականության մասին։ «Ա.» պարբերաբար հրատարակում է «Ծիածան» էջը՝ նվիրված սփյուռքահայ երիտասարդության կյանքին, խաղաղության, դեմոկրատիայի հաղթանակի և ժողովուրդների բարեկամության համար նրա մղած պայքարին։ ՍՍՀՄ Գերագույն սովետի 1973-ի հուլիսի 3-ի հրամանագրով «Ա.» պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

1923–33-ին թերթը խմբագրել է խմբագրական կոլեգիան, այնուհետև խմբագիրներն են եղել՝ Հ. Միրզոյանը (1933–37), Մ. Նահապետյանը (1937), Ա. Նազարյանը (1937), Ա. Ղազարյանը (1938), Մ. Մանուկյանը (1939), Ա. Մնացականյանը (1940), Ա. Սիմոնյանը (1941), Ա. Թադևոսյանը (1945–49), Ա. Խաչիկյանը (1949–52), Մ. Թութխալյանը (1952–55, 1958–59), Գ. Առաքելյանը (1955–58), Լ. Կրոյանը (1960–69)։ 1969-ից խմբագիրն է Լ. Մանուկյանը։ Հ. Ֆելեքյան