ՀՍՀ/«ԱՎԵՍՏԱ»
«ԱՎԵՍՏԱ» (հնագույն ձևը՝ Ուպաստհա, բառացի հիմունքներ), իրանական ժողովուրդների նախաիսլամական կրոնի՝ զրադաշտականության «սուրբ» գիրքը։ Ա. ստեղծվել է մ. թ. ա. I հազարամյակի 1-ին կեսին, բանավոր ձևով, հետագայում զգալի չափով վերափոխվել, լրացվել ու գրի է առնվել հին իրանական մի լեզվով, որ պայմանականորեն անվանվում է ավեստայի լեզու։ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների ժամանակ (մ. թ. ա. 334–331) Ա. ոչնչացվել է։ Սասանյանների օրոք (III–VII դդ.), բանավոր ավանդությունների հիման վրա, կազմվել և օրինականացվել է Ա–ի պահլավերեն (միջին պարսկերեն) տեքստը, ինչպես նաև նրա մեկնությունը՝ Զենդը։ Այստեղից էլ Ա. սխալ կերպով կոչվել է նաև Զենդ–Ա., իսկ ավեստայի լեզուն՝ գենդերեն։ Ա–ի պահլավերեն տեքստը բաղկացած է եղել 21 մասերից (նասքերից), 7՝ աշխարհի ծագման ու մարդկության առաջացման, 7՝ քաղաքացիական օրենքների ու կրոնական պարտականությունների և 7՝ բժշկության, աստղագիտության ու բարոյագիտության մասին։ Այդ տեքստի մեծ մասը նույնպես մեզ չի հասել, նրա միայն մեկ քառորդն է կազմում ներկայումս հայտնի Ա., որը պահպանել են փարսիները (արաբական արշավանքների ժամանակ Հնդկաստան գաղթած պարսիկները, որոնք մինչև այժմ էլ հետևում են զրադաշտականության և օգտագործում են Ա.)։ Ներկայիս Ա. ունի երկու տարբերակ։ Առաջինը իրենից ներկայացնում է Ա–ի տարբեր գրքերից վերցված աղոթքների ժողովածու։ Երկրորդը բաղկացած է մի քանի մասերից՝ Վենդիդադ (դևերի դեմ), որը ներկայացնում է կրոնական ու քաղաքացիական պատվիրանների հավաքածու, Վիսպերեդ (հանճարեղ տիրողներ) և Յասնա (փառաբանության հիմներ)՝ կրոնական արարողությունների ժամանակ կատարվող աղոթք–երգեր, Հաշտեր (զոհաբերության հիմներ)՝ զրադաշտական աստվածներին նվիրված հիմներ, Փոքր Ա. (խորդե–Ա.)՝աղոթքներ։ Ա–ի հնագույն մասն են կազմում Գաթերը (Երգ երգոց)՝ հիմներ, որոնք վերագրվում են Զրադաշտին։ Ա. առանց Գաթերի կոչվում է «Կրտսեր Ա.»։ Բացի բուն զրադաշտականության ուսմունքից, Ա. պարունակում է նաև ավելի հին հավատալիքների տարրեր։ Ա–ի կրոնա-փիլիսոփայական գաղափարների համար բնորոշ է դուալիզմը՝ բարու և չարի (լույսի և խավարի) նախասկիզբների, նրանց մշտական պայքարի ընդունումը։ Բարու նախասկզբի արտահայտությունն է Զրադաշտի քարոզած հայտնի սկզբունքը՝ «Բարի միտք, բարի խոսք, բարի գործ»։ Իր կրոնաառասպելաբանական բովանդակությամբ հանդերձ, Ա. ունի որոշակի գիտական և գեղարվեստական արժեք։ Այն ընձեռում է արժեքավոր տվյալներ ոչ միայն զրադաշտականության ձևավորման ու էության, այլև առհասարակ իրանական ժողովուրդների հոգևոր մշակույթի ու կենցաղի, նրանց պատմության մասին։ Ամբողջ Ա. գրված է անհանգ, վանկային չափածո ընդմիջումներով, հարուստ ասոնանսներով, անաֆորաներով և ալիտերացիաներով։ Ա. հայտնաբերել և առաջինը ֆրանս. թարգմանել է Անկետիլ Դյուպերոնը (1771)։
