ՀՍՀ/«ԱՎԵՏԱԲԵՐ»
«ԱՎԵՏԱԲԵՐ», կրոնական, ուսումնական, ընտանեկան և քաղաքական շաբաթաթերթ։ Հրատարակվել է 1855–1915-ին, Կ. Պոլսում (1855–65-ին «Ավետաբեր և շտեմարան պիտանի գիտելյաց»)։ խմբագիրներ՝ Դուայթ, Է. Բլիս, Ջ. Գրին, Հ. Բարնըմ, Հ. Ալեն, Ս. Մինասյան, Ֆ. Մեքալըմ, Ա. Շմավոնյան, Հ. Ճեճիզյան։ «Ա.» Ամերիկայի միսիոներների ընկերության օրգանն էր։ Հրատարակվել է նաև հայատառ թուրքերենով։ 1872-1915-ին (ընդհատումներով) որպես «Ա»-ի հավելվածներ լույս են ընծայվել «Ավետաբեր տղայոց համար» (1908-ից «Ավետաբեր մանկանց») և «Ավետաբեր չոճուքլար իչյուն» (հայատառ թուրքերեն) հանդեսները։ «Ա.» լուսավորություն տարածելու անվան տակ աշխատել է նպաստել արևմտահայության շրջանում բողոքականության և ամերիկյան ազդեցության տարածմանը։ Կրոնա–բարոյական նյութերի հետ մեկտեղ տպագրել է հայագիտական և գեղարվեստական գործեր։ Աշխատակցել են Ե. Քասունին, Հ. Պուճիգանյանը, Գևորգ Մեսրոպը, Հ. Մրմրյանը և ուրիշներ։ Լինելով արևմտահայ աշխարհաբարով առաջին պարբերականներից՝ «Ա.» նպաստել է նրա զարգացմանը։
