Jump to content

ՀՍՀ/«ԱՐԱՐԱՏ» ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԱՐԱՐԱՏ», ամսագիր, Էջմիածնի Մայր Աթոռի պաշտոնական օրգանը։ Հրատարակվելէ 1868–1919-ին, Էջմիածնում։ Խմրագրել է միաբաններից կազմված կոլեգիան՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի նշանակած խմբագրի ղեկավարությամբ։ Տարբեր ժամանակներում «Ա.» խմբագրել են Ա. արքեպիսկոպոս Մխիթարյանը, Խ. Ստեփանեն, Ա. եպիսկոպոս Դավթյանը, Կ. վարդապետ Տեր–Մկրտչյանը, Գ. Տեր–Մկրտչյանը (Միաբան) և ուրիշներ։ «Ա.»–ի խմբագրի գործակցի պաշտոնով աշխատել են Ղ. Աղայանը, Պ. Սիմեոնյանցը, Հ. Հովհաննիսյանը, Հ. Մանանդյանը։ Սկզբում հրատարակվել է իբրև «Ամսագիր կրօնական, պատմական, բանասիրական, բարոյական և ազգային», իսկ 1898-ից՝ «Պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի»։ «Ա.»–ի կրոնական–պաշտոնական բաժնում հրատարակվել են կաթողիկոսական կոնդակներ, քաղվածքներ՝ սինոդի գրագրություններից, կրոնա–դավանաբանական ուսումնասիրություններ։ Ամսագիրը լուսաբանել է դպրոցական գործերի վիճակը երկրում, տպագրել տեսական–մանկավարժական հոդվածներ (Ա. Մանդինյան, Գ. Էդիլյան) ևն։

«Ա.» հայագիտական առաջին օրգանն էր Կովկասում և մեծապես նպաստել է գիտության այդ ճյուղի զարգացմանը։ Հանդեսում հրատարակվել են մատենագիտ. բնագրեր, ւխւվերսւգրեր, հիշատակարաններ, ուղեգրություններ, միջնադարյան հայ տաղերգուների երգեր։ Տպագրվել են սեպագիր արձանագրություններ և դրանց վերծանությունը (պրոֆեսոր Ք. Պատկանյան), Գ. Տեր–Մկրտչյանի, Գ. Հովսեփյանի, Կ. Տեր–Մկրտչյանի, Մ. Տեր–Մովսիսյանի, Տիրայր եպիսկոպոսի ուսումնասիրությունները, Մ. Աբեղյանի, Հ. Աճառյանի, Ս. Պալասանյանի, Ե. Տեր–Մինասյանի, Աշ. Հովհաննիսյանի, Լ. Մելիքսեթ–Բեկի, Հ. Օրբելու աշխատություններն ու հոդվածները։ Ամսագրին աշխատակցել է նաև Կոմիտասը՝ հայ և համաշխարհային երաժշտությանը նվիրված ուսումնասիրություններով։ «Ա.»–ի էջերում մեծ տեղ է հատկացվել գրականության հարցերին, տպագրվել են Մ. Բերբերյանի, Ա. Տերտերյանի, Թ. Ավդալբեգյանի և այլոց հոդվածները՝ նվիրված հայ, ռուս և համաշխարհային գրականության դասական հեղինակներին։ Տ. Նավասարդյանը և Ա. Հայկունին հրապարակել են հայ ժողովրդական բանահյուսության նմուշներ։ Գրական բաժնում տպագրվել են Հ. Հովհաննիսյանի, Իշխան Բագրատունու (Խ. Ստեփանե), Հովհ. Թումանյանի, Մ. Թաղիադյանի բանաստեղծությունները, ինչպես և Լերմոնտովի, Նեկրասովի, Հոմերոսի, Շիլլերի, Լեոպսւրդիի, Պետեֆիի ստեղծագործություններից։

Գրկ․ Մատենագիտություն «Արարատ» ամսագրի. Էջմիածին, 1970։ Մ. Մխիթարյան