Jump to content

ՀՍՀ/«ԱՐԱՐԱՏ» ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԱՐԱՐԱՏ», Հայկական ՍՍՀ սննդի արդյունաբերության մինիստրության գինու և կոնյակի արդյունաբերության գլխավոր վարչություն։ Մինչև 1964՝ գինու և կոնյակի «Արարատ» տրեստ։ «Ա.» միավորում է 25 գինու, 3 կոնյակի, 1 շամպայնի, 1 գինեթթվի գործարան և 4 խաղողագործական սովետական տնտեսություն։ Հայաստանում արդ. գինեգործությունը սկսել է զարգանալ XIX դ. 2-րդ կեսից, հիմնականում՝ Երևանում, Արտսւշատում, Աշտարակում, Էջմիածնում։ Արդեն 1850-ին գինու համար վաճառվել է 12 հզ. փաթ խաղող։ Ռուս պատմաբան Ի. Ի. Շոպենը գրում էր, որ Երևանի խաղողից կարելի է պատրաստել գինիներ, որոնք կփոխարինեն խերեսին, մադերային, ալիկանտին, մալագային։ Ն. Թաիրովի գինու գործարանում 1887-ին սկսեց գործել կոնյակի սպիրտ ստանալու Անդրկովկասում առաջին ապարատը։ Երկաթուղային ճանապարհի բացակայության և սպառման սահմանափակ հնարավորությունների պատճառով գործարանը գրավ դրվեց և 1899-ին վաճառվեց «Շուստով ի սինովյա» («Շուստով և որդիներ») մոսկովյան ֆիրմային։ Այդ գործարանը հետագայում դարձավ Երևանի գինու կոմբինատը։ Բացի Շուստովի գործարանից, Հայաստանում գինի և կոնյակ է արտադրվել այլ գինեգործարաններում։ 1913-ին ընդամենն արտադրվել է 188 հզ. դկլ գինի, 48 հզ. դկլ կոնյակ։ Հայաստանում արտադրված գինիները մեծ համբավ էին վայելում (միջազգային մրցույթներում նրանցից մի քանիսը շահել են ոսկյա և արծաթյա մեդալներ)։ Հայկական կոնյակը լայն սպառում ուներ Ռուսաստանում, արտահանվում էր նաև արտասահման։ Գինեգործությունը զարգանում էր աղանդերային գինիներ և կոնյակ ստանալու ուղղությամբ։ Չաղողի մի մասը վերամշակվում էր սպիրտ ստանալու նպատակով։

Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով Հայաստանի գինեգործությունն անկում ապրեց։ 1914-ին կոնյակի արտադրությունը համարյա դադարեցվել է, իսկ գինունը՝ սահմանափակվել։ Շուստովը կոնյակի սպիրտի պաշարները երկրից դուրս տանելու փորձեր կատարեց։ 1920-ի օգոստոսին դաշնակցական կառավարությունը պետականացրեց Շուստովի՝ Երևանի գործարանը և սպիրտն ու կոնյակը սկսեց արտահանել արտասահման։ Միայն սովետական իշխանության հաստատումով պահպանվեցին կոնյակի սպիրտի սուղ պաշարները։ Պետականացված սպիրտը բոլոր գործարաններից տեղափոխվեց Երևան, ստեղծվեց հին կոնյակի սպիրտի ֆոնդ։ Շուստովի Երևանի գործարանը, որը կոչվել է «Արարատ», դարձավ գինեգործության հիմնական ձեռնարկությունը։ 1921-ի օգոստոսին պետականացվեց ևս 5 գինու և կոնյակի գործարան, որոնք մտան «Արարատ» գործարանի կազմի մեջ։ Այս գործարանները սկզբում չէին գործում՝ կիսաքանդ լինելու և հումքի բացակայության պատճառով։ 1921-ին վերամշակվել է ընդամենը 50 տ խաղող։ 1922-ի օգոստ. 16-ին հիմնվեց գինու և կոնյակի «Ա.» տրեստը, որին հանձնվեցին գինու, կոնյակի, օղու արտադրության հանրապետության բոլոր գործարանները։ «Ա.» տարալցման գործարաններ ստեղծեց Մոսկվայում («Հայաստանի գինիների պետական մառաններ», 1922), Լենինգրադում (1923), Ռոստովում (1950), Ռոստովում (1924) և Կիևում (1936)։ Վերջին երկուսը հետագայում լուծարվեցին։ 1924-ին վերականգնվեց Արտաշատի գինու գործարանը։ 1926–32-ին այգեգինեգործական կոոպերացիային հանձնվեց խաղողի վերամշակման և տնտեսություններից գինեմթերման գործը։ «Ա.» տրեստին թողնվեց գինու հետագա վերամշակումը, կոնյակի արտադրությունը և պատրաստի արտադրանքի առաքումը։ 1930-ին «Ա.»–ին հանձնվեցին № 1 և № 3 սովետական տնտեսությունները։ Հետագայում «Ա.» տրեստը խաղողագործական սովետական տնտեսություններ կազմակերպեց Հոկտեմբերյանի, Էջմիածնի, Արարատի, Արովյանի շրջաններում։ Խաղողագործության զարգացման հետ միասին «Ա.» կառուցեց նոր գինեգործարաններ և ընդլայնեց հին գործարանները։ Վերջիններից մի քանի փոքր շինություններ են մնացել Երևանի գինու կոմբինատում և Արտաշատի գինու գործարանում։ Այժմ Հայաստանի բոլոր այգեգործական շրջաններում կառուցվում են գինու և կոնյակի գործարաններ՝ հագեցված ժամանակակից սարքավորումներով։ «Ա.» թողարկում է գինեգործական արդյունաբերության արտադրանքի բոլոր տեսակները՝ սեղանի չոր և կիսաքաղցր, թնդեցրած, աղանդերային գինիներ, գազով գինի, շամպայն, կոնյակներ, օղի։ Ըստ որակի արտադրվում է սովորական և տեսակավոր արտադրանք։ Սովետական Միության բոլոր շրջաններում և արտասահմանում առանձնապես հարգի են հայկական կոնյակները, «Այգեշատ», «Արևիկ», «Արևշատ», «Մուսկատ», «Օշական», «Աշտարակ», «Էջմիածին», «Ոսկեվազ», «Բյուրական», «Արենի» գինիները։ Հայկական գինիները, շամպայնը և կոնյակը միջազգային բազմաթիվ մրցույթներում ստացել են ավելի քան 120 ոսկե և արծաթե մեդալ։ «Ա.» արտադրում է կոնյակներ, որոնք ըստ որակի բաժանվում են երկու խմբի՝ սովորական կոնյակներ՝ «3 աստղ», «4 աստղ», «5 աստղ» (պատրաստված կոնյակի 3, 4 և 5 տարեկան սպիրտներից), տեսակավոր կոնյակներ՝ «Ընտիր» (6–7 տարեկան), «Հոբելյանական», «Հայաստան», «Դվին», «Երևան», «Ախթամար» (10 տարեկանից վեր), «Տոնական» (14 տարեկան), «Նաիրի» (20 տարեկան), «40 տարի» և «50 տարի» (պատրաստված 40 և 50 տարեկան սպիրտներից)։ 1972-ին «Ա.» վերամշակել է 163 հզ. տ խաղող, արտադրել 8 մլն. դկլ գինի, 645 հզ. դկլ կոնյակ, 550 հզ. շիշ շամպայն, 113 տ գինեթթու, 1 մլն. դկլ օղի։ «Ա.»–ի արտադրանքը կազմում է Հայաստանի սննդի արդյունաբերության արտադրանքի 50%: Թողարկվող արտադրանքի զգալի մասն ուղարկվում է Սովետական Միության տարբեր շրջանները, ինչպես նաև արտահանվում արտասահման։ Արտասահման ուղարկվող 5 աստղանի կոնյակը «Բրենդի»–ի փոխարեն անվանվել է «Արարատ»։ «Ա.»–ի գինեգործարաններում պայմաններ են ստեղծվում 200 հզ. տ խաղող մշակելու համար։ 8 գործարանում տեղադրված են թորման սարքեր՝ կոնյակի սպիրտներ ստանալու համար։ Նոր գործարաններ են կառուցվում Իջևանում՝ սեղանի գինիներ Ա շամպայնի գինենյութ ստանալու համար, Երևանում, Աշտարակի շրջանի Սասունիկ ավանում, կոնյակի խոշոր գործարաններ՝ Հոկտեմբերյանում և Այգավանում։ Վերակառուցվում է Երևանի գինու կոմբինատը։ Շամպայն գինիների գործարանում ստեղծվում է նոր արտադրամաս, որը թողարկելու է 1,7 մլն. շիշ շամպայն (անընդհատ եղանակով)՝ մշակված լենինյան մրցանակի դափնեկիրներ Դ. Աղաբալյանցի, Ա. Մերժանյանի և Ս. Բրուսիլովսկու կողմից։

1975-ին «Ա.»–ի ձեռնարկությունները կարտադրեն 15,7 մլն. դկլ գինենյութ և կթողարկեն 8,8 մլն. դկլ գինի, 720 հզ. դկլ կոնյակ, 2300 հզ. շիշ շամպայն գինիներ և այլ արտադրանք։ Լ. Ջանփոլադյան, Հ. Եպիսկոպոսյան

(նկ․) ՀՍՍՀ սննդի արդյունաբերական մինստրության գինու և կոնյակի արդյունաբերության գլխավոր վարչության («Արարատ») շենքը Երևանում։