ՀՍՀ/«ԱՐԱՐԱՏ» ՖՈՒՏԲՈԼԻ ԹԻՄ
«ԱՐԱՐԱՏ» (Երևան), ֆուտբոլի թիմ։ Կազմակերպվել է 1935-ին։ 1935–37-ին անվանվել է «Սպարտակ», 1937–54-ին՝ «Դինամո», 1954–62-ին՝ կրկին «Սպարտակ» և համապատասխանաբար եղել է նույնանուն մարզական ընկերությունների կազմում։ 1963-ից հանդես է գալիս «Ա.» անունով՝ ներկայացնելով «Աշխատանք» արհմիութենական կամավոր մարզական ընկերությունը։ 1949-ից մասնակցում է ՍՍՀՄ ֆուտբոլի Ա խմբի առաջնությանը, որից դուրս է մնացել 1951–59-ին և 1964–1965-ին։ 1965-ին երկրի ֆուտբոլի Ա խմբի 2-րդ լիգայի մրցումներում գրավելով առաջին տեղը և նվաճելով «Փոքր ոսկե մեդալներ»՝ վերադարձել է 1-ին (այժմ բարձրագույն) լիգա։
ՍՍՀՄ ֆուտբոլի գավաթի 1954-ի մրցումներում «Ա.» նվաճել է եզրափակիչում խաղալու իրավունք (պարտվել է Կիևի «Դինամո»–ից)։ «Ա.» ունեցել է բազմաթիվ միջազգային ընկերական հանդիպումներ Երևանում և արտասահմանյան մի շարք երկրներում (Հունգարիա, Ֆրանսիա, Իրան, Իրաք, Լիբանան, Սիրիա, Ալժիր ևն)։
Տարբեր խաղաշրջաններում «Ա.»–ի կազմում հանդես են եկել անվանի ֆուտբոլիստեեր Ա. Աբրահամյանը, Հ. Աբրահամյանը, Ֆ. Աբրահամյանը, Հ. Անդրեասյանը, Վ. Անտոնյանը, Հ. Ասատրյանը, Ս. Բաբայանը, Կ. Բեգլարյանը, Ա. և Հ. Դուրգարյան եղբայրները, Ա. Զատիկյանը, Ղ. Թեքնեջյանը, Վ. Կակոսյանը, Ս. Կապիդին, Հ. Կարմիրյանը, Գ. Համբարձումյանը, Բ. Հայկյանը, Ֆ. Հարությունյանը, Ս. Հովիվյանը, Լ. Հովսեփյանը, Ռ. Մաթևոսյանը, Հ. Մանթարլյանը, . Վ. Մերկուլովը, Ի. Մկրտչյանը, Հ. Մխոյանը, Հ. Չալիկյանը, Մ. Սեմերջյանը, Ժ. Սուփրիկյանը, Է. Վարդանյա(նկ․) «Արարատ» ֆուտբոլի թիմը (1973)
նը, Ք. Փոլադյանը, Հ. Քեհեյանը, Հ. Քելեջյանը և ուրիշներ։
«Ա.» ՍՍՀՄ ֆուտբոլի բարձրագույն լիգայի 1971-ի մրցաշրջանում գրավել է երկրորդ տեղը և արժանացել արծաթե մեդալների։ Միաժամանակ որպես ՍՍՀՄ արհմիութենական լավագույն թիմ՝ «Ա.» արժանացել է ՀամԿԽ–ի նախագահության փոխանցիկ գավաթին, իսկ ֆուտբոլիստները՝ ոսկե մեդալների։ Հ. Զանազանյանը և Ա. Անդրեասյանը ՍՍՀՄ օլիմպիական հավաքական թիմի կազմում մասնակցելեն XX օլիմպիական խաղերին (1972, Մյունխեն) և արժանացել բրոնզե մեդալների։ 1973-ին «Ա.» նվաճել է ՍՍՀՄ ֆուտբոլի չեմպիոնի կոչումը, ինչպես նաև ՍՍՀՄ ֆուտբոլի գավաթը և այդպիսով մեր երկրի ֆուտբոլի պատմության մեջ դարձել 6-րդ թիմը, որը նույն տարում տիրել է ՍՍՀՄ ֆուտբոլի զույգ բարձրագույն մրցանակներին։ Ֆուտբոլիստներ Ա. Աբրահամյանը, Ա. Անդրեասյանը, Ս. Բոնդարենկոն, Ս. Գևորգյանը, Հ. Զանազանյանը, Լ. Իշտոյանը, Ա. Կովալենկոն, Ա. Հարությունյանը, Ն. Ղազարյանը, Է. Մարգարովը, Ն. Մեսրոպյանը, Ս. Մարտիւրոսյանը, Ն. Պետրոսյանը, Ս. Պողոսյանը, Ա. Սարգսյանը արժանացել են ՍՍՀՄ չեմպիոնի ոսկե մեդալների։ Երևանի ֆուտբոլիստների մարզման և վարպետության բարձրացման ասպարեզում տարբեր խաղաշրջաններում զգալի ներդրում են կատարել մարզիչներ Հ. Անդրեասյանը, Բ. Ապուխտինը, Ն. Գլեբովը, Ա. Դանգուլովը, Ա. Պոնոմարյովը, Բ. Սմիսլովը, Մ. Սուշկովը, Ա. Ֆալյանը և ուրիշներ։ 1973-ից «Ա.» մարզում է Ն. Սիմոնյանը։ 1972-ին թիմը մասնակցել է ՈՒԵՖԱ–ի գավաթի մրցումներին։
