ՀՍՀ/«ԱՐԱՔՍ» ԳՐԱԿԱՆ–ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ՊԱՏՄԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
«ԱՐԱՔՍ», գրական–հասարակական, պատմագիտական և քաղաքական շաբաթաթերթ (1907-ին՝ ամսաթերթ)։ Լույս է տեսել 1905–07-ին, Բոստոնում, ապա՝ Նյու Յորքում (ԱՄՆ)։ Խմբագիրն էր Վ. Շահենին (Հովհ. Հակոբյան)։ Տպագրել է նամակներ արևմտահայ գավառներից, պատկերել հայ գյուղացու տնտեսական ու քաղաքական բռնադատված դրությունը։ Անմիջականորեն չհարելով որևէ կուսակցության՝ «Ա.»–ի հեղինակները պրոպագանդել են արևմտահայ ազգային–ազատագրական պայքարի գաղափարը։ «Ա.» դատապարտել է Կովկասի ժողովուրդների ազգամիջյան ընդհարումները, դրանք համարել ցարիզմի ազգային քաղաքականության հետևանք, տպագրել է Մ. Գորկու նամակը Ս. Հ. Րայթին, ուր բացատրվում էին այդ կոտորածների բուն շարժառիթները և դրանց հակադրվում Կովկասի ժողովուրդների բարեկամության գաղափարը։ «Ա.» մեծ համակրանքով է հետևել ռուսական առաջին բուրժուա–դեմոկրատական հեղափոխությանը, տպագրել «Ընկերվարություն» ծավալուն հոդվածաշարը։
