ՀՍՀ/«ԱՐԱ ԳԵՂԵՑԻԿ ԵՎ ՇԱՄԻՐԱՄ»
«ԱՐԱ ԳԵՂԵՑԻԿ ԵՎ ՇԱՄԻՐԱՄ», հայ ժողովրդական առասպել։ Ավանդվել է Մովսես Խորենացու մշակմամբ, այլ պատմագիրների ընդօրինակմամբ և ուշ շրջանի ժողովրդական զրույցների ձևով։ Ըստ Խորենացու, Ասորեստանի թագուհի Շամիրամը հրապուրվել է Հայոց թագավոր Արայի գեղեցկությամբ, ձգտել տիրել նրան։ Խոստումներն ու ընծաները արդյունք չեն տվել։ Շամիրամը վճռել է զենքի ուժով հասնել իր նպատակին։ Մարտում Արան զոհվել է։ Շամիրամը նրա մարմինը դրել է ապարանքի վերնատանը՝ կենդանացնելու հույսով։ Դիակը նեխել է. Շամիրամը իր մտերիմներից մեկին է հագցրել Արայի զգեստները, հայտարարել, թե նա կենդանացել է։ Առասպելն արտացոլում է հեթանոս հայերի հավատալիքները մեռնող ու հառնող աստծո, բնության զարթոնքի, իսկ հետագայում նաև ընտանեկան առաքինության և ողջախոհության մասին։ Առասպելում արտացոլվել է նաև ուրարտացիների պայքարը աշխարհակալ Ասորեստանի դեմ։ Առասպելն ունի շատ հին ծագում և սերտորեն աղերսվում է էր Հայորդու, Հին Արևելքի Իշտարի ու Թամմուզի, հունական Աֆրոդիտեի ու Ադոնիսի և այլ առասպելների հետ։ Հիմք է դարձել հայ գրականության և արվեստի մի շարք երկերի (Ն. Զարյանի «Արա Գեղեցիկ» դիցապատմական ողբերգությունը, Վ. Սուրենյանցի «Արա Գեղեցիկ և Շամիրամ» կտավը և այլն)։
Գրկ. Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե.,1968։ Սեբեոս, Պատմություն, 4 հրտ., Ե., 1939։ Էմին Մ., Վեպ հանուն Հայաստանի, Մ., 1850։ Սրվանձտեանց Գ., Գրոց ու բրոց, ԿՊ, 1874։ Աբեղյան Մ., Հայ ժողովրդական առասպելները Մ. Խորենացու Հայոց պատմության մեջ,Վաղ–պատ, 1901։ Մատիկյան Ա., Արա Գեղեցիկ, Վնն., 1930։ Ղափանցյան Գ., Արա Գեղեցկի պաշտամունքը, Ե., 1944։
