ՀՍՀ/«ԳԻԼԳԱՄԵՇ»
«ԳԻԼԳԱՄԵՇ», մ. թ. ա. Ill հազարամյակում ստեղծված ասուրա-բաբելական դյուցազնավեպ: «Գ.»ի առասպելական հերոսն է Գիլզամեշը (այստեղից էլ «Գ.» անվանումը), որը մեկ երրորդով մարդ է, երկու երրորդով՝ աստված: Գ. եղբայրանում է վայրենի մարդու՝ էնկիդուի հետ և, ձգտելով թեթևացնել մարդկանց տառապանքները, նրա հետ միասին շատ սխրանքներ է գործում՝ սպանում չարությունը մարմնավորող հրեշ Խանբաբային, Ուրուկի բնակչությանը ոչնչացնելու եկած երկնային ցուլին ևն: Էնկիդուի մահից հետո Գիլզամեշը փորձում է գտնել անմահության գաղտնիքը, փոխել մարդու նախասահմանված ճակատագիրը: Սակայն, զանազան դժվարություններից, արկածներից ու թափառումներից հետո համոզվում է, որ ինքը որոնում է անհնարինը: Մինչև ուշ միջնադար Մերձավոր Արևելքի երկրներում տարածված էին Գիլգամեշին նվիրված պատմահերոսական, պատմադիցաբանական բնույթի ավանդություններ: Գիլգամեշի մասին վիպերգերը սեպագրով, կավաղյուսների վրա գրի են առնվել Արևելքի չորս հին լեզուներով՝ շումերերեն, խուռիերեն, խեթերեն և աքքադերեն: Առավել հին են շումերերեն գրառումները: Պահպանվել է մ. թ. ա. XXIII—XXI դդ. Գիլգամեշի մասին աքքադերեն էպիկական պոեմի երեք տարբերակ: Առավել ամբողջականը և արժեքավորը` Նինվեի տարբերակն է: Պոեմը գրի է առնվել 12 պնակիտների վրա: Յուրաքանչյուրը մեկ դրվագ է ամփոփում: Ըստ նախերգանքի առաջին նախադասության, պոեմին տրվել է «Ամեն ինչ տեսածի մասին» անվանումը: «Գ.» ցիկլի շումերական առայժմ հայտնի ինքնուրույն հինգ վիպերգերից («Գիլգամեշ և Աքքա», «Գիլգամեշն ու երկնային ցուլը», «Գիլզամեշը, էնկիդուն և ստորերկրյա աշխարհը», «Գիլգամեշն ու անմահների լեռը», «Գիլգամեշի մահը») գաղափարա-սյուժետային առումով աքքադական պոեմի սկզբնաղբյուր է դիտվում «Գիլգամեշն ու անմահների լեռը»: Ժամանակին «Գ.» դյուցազնավեպի Հայաստանում տարածված լինելն են վկայում նրա հերոսներ Խումբաբայի, Էնկիդուի՝ արևմտահայերի մոտ պահպանված անունները՝ Խուբաբուկ, Հեռնիտյու, Հեոնտու, (Հեոնդու) ձևերով («Պատմություն Անթեպի հայոց» գավառական բառարան): Որոշակիորեն հիմնավոր է թվում Տորք Անգեղի մասին Մովսես Խորենացու ավանդած առասպելի և «Գ.» դյուցազնավեպի սերտ առնչության մասին կարծիքը: «Գ.» դյուցազնավեպը նշանակալից է որպես աշխարհում առաջին քաղաքակրթություններից մեկի գեղարվեստա-փիլիսոփայական մտքի բարձրագույն նվաճում:
Գրկ. Գիլգամեշ (Հին Արևելքի դյուցազնավեպ), Ե., 1963: Эпос о Гильгамеше, пер. с аккадского, М.—Л., 1961 Шумерский героический эпос, «Вестник древней истории», 1964, 3-4.
