ՀՍՀ/«ԳԻՏԵԼԻՔ»
«ԳԻՏԵԼԻՔ» ընկերություն, կամավոր հասարակական կազմակերպություն ՍՍՀՄ-ում. կոչված է գիտական և քաղաքական գիտելիքներ տարածելու և նպաստելու աշխատավորության կոմունիստական դաստիարակությանը: Հիմնադրվել է 1947-ին: Մինչև 1963-ը կոչվել է Քաղաքական և գիտական գիտելիքների տարածման համամիութենական ընկերություն: Գլխավոր ղեկավար մարմինը` վարչությունը, ընտրվում է համամիութենական համագումարում` 4 տարի ժամկետով: Վարչության առաջին նախագահը ակադեմիկոսս. Ի. Վավիլովն էր, 1966-ից` ակադեմիկոս Ի. Ի. Արտոբոլևսկին: Միավորում է միութենական հանրապետությունների 15 ընկերությունները` ինքնավար հանրապետությունների, երկրամասերի, մարզերի, ազգային օկրուգների, քաղաքների և շրջանների իրենց կազմակերպություններով: Սկզբնական կազմակերպություններ են ստեղծված գիտ. հիմնարկներում, ուս. հաստատություններում, ձեռնարկություններում: 1972-ին ուներ 2456 հգ. անդամ, այդ թվում` 1700 ակադեմիկոս և թղթակից-անդամ, 107 հզ. դոկտոր և գիտությունների թեկնածու, պրոֆեսոր և դոցենտ: 1972-ին «Գ.» ընկերությունը պարգևատրվել է Լենինի շքանշանով: Բոլոր գիտությունների գծով «Գ.» կազմակերպում է հրապարակային դասախոսություններ, գիտական զեկուցումներ և կոնֆերանսներ, սեմինարներ, ժողովրդական ընթերցումներ, մասնակցում է ռադիոյով և հեռուստատեսությամբ գիտության պրոպագանդմանը, գիտական և գիտահանրամատչելի ֆիլմերի ստեղծմանը: 1970-ին «Գ.»ի անդամները կարդացել են 18,5 մլն դասախոսություն, որին մասնակցել է 950 մլն մարդ: «Գ.»ի տրամադրության տակ են Մոսկվայի պոլիտեխնիկական թանգարանը, կենտրոնական պոլիտեխնիկական գրադարանը և կուլտուր-լուսավորական այլ հիմնարկներ: Նրա գործունեության մեջ կարևոր տեղ է գրավում տպագրական պրոպագանդան: Նրան է պատկանում «Գիտելիք» հրատարակչությունը (Մոսկվայում), որը հրատարակում է «Մեժդունարոդնայա ժիզն») («Международная жизнь,, ռուս., անգլ. և ֆրանս. լեզուներով), «Նաուկա ի ժիզն» («Наука и жизнь»), «Զնաևիյե սիլա» («Знание сила»), «Նաուկա ի ռելիգիա» («Наука и религия»), «Սլովո լեկտորա» («Слово лектора») ամսագրերը: «Գ.» փոխադարձ կապի մեջ է սոցիալիստական և կապիտալիստական մի շարք երկրների համապատասխան ընկերությունների հետ: Ամեն տարի լավագույն դասախոսը պարգևատրվում է Ս. Ի. Վավիլովի անվ. մեդալով: ՀՍՍՀ-ում «Գ.» ընկերաթյունը ևս հիմնադրվել է 1947-ին, Ա. Իսահակյանի, Մ. Սարյանի, Դ. Դեմիրճյանի և ուրիշների նախաձեռնությամբ: Հիմնադրման օրից նախագահն է ակադեմիկոս Վ. Համբարձումյանը: Առաջին տարում ունեցել է 175 անդամ, 1973 ին՝ 14224: Նրանցից 46-ը ՍՍՀՄ ԳԱ և ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոսներ են, 51-ը` թղթակից-անդամներ, 287-ը`դոկտոր-պրոֆեսորներ, 1536-ը` գիտությունների թեկնածուներ (1973): Տարբեր գիտությունների գծով ընդամենը կարդացվել է 108100 դասախոսություն: ՀՍՍՀ «Գ.» ընկերությունը հրատարակում է մեթոդական նյութեր դասախոսների համար:
