ՀՍՀ/«ԳԻՐՔ ԹՂԹՈՑ»
«ԳԻՐՔ ԹՂԹՈՑ», կրոնա-դավանաբանական բնույթի ժողովածու: Պատմական սկզբնաղբյուր հայոց եկեղեցու ներսում քաղկեդոնական հոգևորականության հրահրումներով՝ հատկապես VII դ. ծայր առած վեճերի լուսաբանման և ուսումնասիրման համար: Ենթադրվում է, որ նրա հիմնական մասը կազմվեւ է VII դ.՝ Կոմիտաս և Աղցեցի կաթողիկոսի օրոք (615—628): Հետագայում նրան կցվել են այլ թղթեր, որոնց թիվը հասել է 98-ի: Դրանք ժամանակագրական առումով ընդգրկում են V—XIII դդ.: «Գ. թ.» բացվում է Կոստանդնուպոլսի արքեպիսկոպոս Պրոկլի՝ Սահակ և Պարթև կաթողիկոսին (գահակալել է 387—439) ուղղված նամակով: Դատապարտելով Նեստորին և նրա համախոհներին, հեղինակը հայ եկեղեցու հայրերին կոչ է անում զգուշանալ Հայաստանում նեստորականության տարածումից: Հայ հեղինակների թղթերում հերքվում են Արիոսի, Նեստորի աղանդը, Քաղկեդոնի եկեղեցական չորրորդ ժողովի սահմանումները և հիմնավորվում է միաբնակությունը (տես Միաբնակներ): «Գ. թ.» ի և նման ժողովածուների կազմելը պայմանավորված էր հայ եկեղեցու անկախությանն ու միասնությանը սպառնացող քաղկեդոնականության դեմ պայքարելու անհրաժեշտությամբ:
Գրկ. Գիրք թղթոց, Թ., 1901: Շ. Սմբատյան
