Jump to content

ՀՍՀ/«ԳՈՒՍԱՆ» ԿՈՄԻՏԱՍԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԳՈՒՍԱՆ», Կոմիտասի երկսեռ երգչախումբը: Գործել է 1910—15-ին (1914—1915-ին կոչվել է Հայ գուսան), Կ. Պոլսում: Համերգները տեղի են ունեցել Բերայի Պտի-Շան թատրոնի, «Յունիոն Ֆրանսեզ»ի և այլ սրահներում: Անձնակազմը՝ սկզբում 300, 1912-ից՝ 200: Գ. ունեցել է պրոֆեսիոնալ բարձր մակարդակ, հանդես է եկել բազմազան կոնտրաստային կազմերով, մեծաթիվ ձայնաբաժանումներով ու մեներգիչներով, նաև որպես կրկնակ խումբ: Կատարել է Կոմիտասի խմբերգային երգերի, պարերգերի, ինչպես և հոգևոր ստեղծագործությունների ընդարձակ շարերը, Պատարագը, հայրենասիրական երգերի մշակումները և արևմտաևրոպական հեղինակների որոշ գործեր (մասնավորապես Վերդիի և Վագների օպերաներից հատվածներ): համերգները հաճախ ուղեկցվել են Կոմիտասի բանավոր կամ տպագրված բացատրականներով: Գ.ի ելույթները եղել են Կ. Պոլսի ընդհանուր երաժշտական և հայ ազգային կյանքի կարևոր երևույթ (1913-ի հոկտ. 25-ի ելույթը դարձել է հայ գրերի գյուտի 1500 և տպագրության 400-ամյակների տոնակատարության կենտրոնական օղակներից մեկը): Գ.ում մասնագիտական պատրաստություն են ձեռք բերել կոմիտասյան հինգ սաները (Բ. Կանաչյանը, Վ. Սարգսյանը, Մ. Թումաճանը, Վ. Սրվանձտյանը, Հ. Սեմերճյանը): Ռ. Աթայան