Jump to content

ՀՍՀ/«ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹ», հասարակական-քաղաքական, գրական-գեղարվեստական շաբաթաթերթ (սկզբում՝ տասնօրյա): Հայաստանի գրողների միության վարչության օրգան: Հրատարակվում է 1932-ից, Երևանում: Գ. թ. մինչև Հայաստանի սովետական գրողների միության ստեղծում)1934) հանդիսացել է Հայաստանի խորհրդային գրողների ֆեդերացիայի, իսկ այնուհետև՝ Հայաստանի խորհրդային գրողների, երաժիշտների և կերպարվեստագետների միության օրգանը: Լուսաբանում է սովետահայ գրականության ստեղծագործական, տեսական-քննադատական աշխատանքները, պայքարում գրականության և արվեստի կուսակցականության, ժողովուրդների ինտերնացիոնալ կապի, սոցիալիստական ռեալիզմի սկզբունքների ամրապնդման համար: Թերթն արձագանքում է ՀՍՍՀ կյանքի գրեթե բոլոր ոլորտների նշանակալից երևույթներին, առաջ քաշում ժողտնտեսության և մշակույթի համար էական նշանակություն ունեցող պրոբլեմներ: Թերթը ղեկավարում է գրական նոր սերնդի ստեղծագործական աճի պրոցեսը, բանավեճեր վարում արձակի ու պոեզիայի հարցերի մասին: Պարբերաբար էջեր է նվիրում սովետական հանրապետությունների գրականությանը, նշում հայ և համաշխարհային գրականության դասականների հոբելյանական տարեթվերը, տպագրում թարգմանական նմուշներ արտասահմանյան դասական և ժամանակակից հեղինակների գործերից, տեղ հատկացնում սփյուռքահայ գրողների ստեղծագործություններին: հրատարակման տարբեր շրջաններում «Գ. թ.»ի շուրջն են համախմբվել ու ակտիվորեն աշխատակցել հայ և սովետական անվանի գրողներն ու գրականագետները՝ Ե. Չարենցը, Ա. Իսահակյանը, Ա. Շիրվանզադեն, Դ. Դեմիրճյանը, Վ. Ալազանը, Ս. Ցորյանը, Ն. Զարյանը, Պ. Սևակը և ուրիշներ: Հայրենական պատերազմի շրջանում (1941—44) թերթը լույս չի ընծայվել: «Գ. թ.» խմբագրել են. Հ. Մկրտչյան (1932, 1935—36), Ե. Չուբար (1932—33), Ն. Դաբաղյան (1933), Վ. Ալազան (1933—35, 1936—37), Հենրի (Հ. Գաբրիելյան, 1937), Հ. Մելիքյան (1937—39), Գ. Բորյան (1939—40), Գ. Ոսկանյան (1940—41), Գ. Հովսեփյան (1941), Ա. Բաբայան (1944—48), Վ. Մնացականյան (1948—1953), Գ. Տեր-Գրիգորյան (1953—55), Հ. Հովհաննիսյան (1955—59), Մ. Սարգսյան (1959—63), Վ. Դավթյան (1963—1965), Հ. Սահյան (1965—67), Մ. Շաթիր յան (1967—69), Ս. Հարությունյան (1969-ից): Հ. Թումանյան