ՀՍՀ/«ԴԱՇԱՆՑ ԹՈՒՂԹ»
«ԴԱՇԱՆՑ ԹՈՒՂԹ», Հայոց թագավոր Տրդատ Գ-ի և Հռոմի Կոստանդինոս կայսեր միջև կնքված դաշինքը ըստ անվավեր մի գրության: Նման դաշինք իրոք եղել է, բայց «Դ. թ.»ի կազմողը, որը ապրել է XII — XIII դդ. և նպատակ ուներ հիմնավորել կիլիկահայ վերնախավի եվրոպական կողմնորոշումը, այն ձևափոխել է ըստ ժամանակի պահանջների: Համաձայն «Դ. թ.»ի, Տրդատ Գ և Գրիգոր Ա Լուսավորիչը մեկնել են Հռոմ, Սեղբեստրոս պապը Հայոց եպիսկոպոսապետ է ճանաչել Գրիգոր Ա Լուսավորիչին, սահմանել Վրաց ու Աղվանից եկեղեցապետների, ինչպես և Երուսաղեմի, Անտիոքի ու Ալեքսանդրիայի պատրիարքների ձեռնադրությունը Հայոց հովվապետից: Կայսրը թագադրել է Տրդատին և շնորհել Քրիստոսի ծննդավայր Բեթղեհեմի իշխանությունը, որի դիմաց Հայոց թագավորը նրան տրամադրել է թիկնազոր: Կոստանդինոսն իբր գուշակել է հայ Արշակունիների անկումը, հայերի գերեվարումը, ապա ազատագրումը՝ իր հաջորդների ջանքերով: Սահմանվել է նաև ապագա՝ ազատագրված Հայաստանի հասարակական քաղաքական կարգը (եկեղեցին, հոգևորականությունը ապահարկ են, հայերը՝ ազատ գլխահարկից են): «Դ. թ.» մտել է Ագաթանգեղոսի պատմության ձեռագիր օրինակների մեջ: Գըկ. Ագաթանգեղոս, Գիրք վիպասանութեան, ԿՊ, 1799: Ալիշան Ղ., Արշալույս քրիստոնէութեան Հայոց, Վնտ., 1901: Վ. Վարդանյան
