Jump to content

ՀՍՀ/«ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻԶՄ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻԶՄ», ռեֆորմիստական տեսություն, ըստ որի սոցիալիզմը արդի դարաշրշանում կորցնելով դասակարգային-պրոլետարական բնույթը, դասակարգերի «հաշտության» հիման վրա վերածվել է «ընդհանուր դեմոկրատական» հոսանքի, իսկ մարքսիզմ-լենինիզմը սոցիալիստական, կոմունիստական շինարարության, բանվոր դասակարգի հեղափոխական պայքարի իրականացման ընթացքում դարձել է «սոցիալիզմից կտրված ճյուղ»: Դասակարգային բովանդակությամբ «Դ. ս.» աջ օպորտունիզմի և ռևիզիոնիզմի հակակոմունիստական միտումների հետևողական արտահայտությունն է, աջ սոցիալ-դեմոկրատիայի գաղափարական հիմքերի տրամաբանական զարգացումը (տես նաև Ավստոո-մարքսիզմ, Օպորտունիզմ, Ռևիզիոնիզմ, Աջ սոցիալիստնեո): «Դ. ս.» հասկացությունը ռեֆորմիստական գրականության մեջ գործածվում է XIX դ. վերջերից: Դրանով նշանաբանվել է «պետական սոցիալիզմի» ուղղություններից մեկը, որը բուրժուա-դեմոկրատական պետությունը նախընտրում էր միապետությունից: XX դ. սկզբներից սոցիալ-դեմոկրատիայի աջ առաջնորդները առաջ են քաշում կոմունիզմին հակադրվող սոցիալիզմի իրենց ըմբռնումը: «Դ. ս.» հանդես է գալիս պրոլետարիատի դիկտատուրայի դեմ, ռևիզիայի է ենթարկում մարքս-լենինյան հայացքները կապիտալիստական հասարակության մասին: II համաշխարհային պատերազմից հետո պետ. մոնոպոլիստական կապիտալիզմի զարգացման նոր երևույթները, որոնք հատկապես պայմանավորված են գիտա-տեխ. հեղափոխությամբ, ներկայացվում են որպես կապիտալիզմի «ձևափոխություն»: Մինչև 1950-ը ձևավորվեց «Դ. ս.»ի արդի դոկտրինան, որը հռչակեց, այսպես կոչված՝ «մաքուր» սոցիալիստական հասարակություն, ուր կբացակայեն արտադրության միջոցների հասարակական սեփականությունը, բանվոր դասակարգի և նրա քաղաքական ավանգարդի ղեկավարությամբ իրականացվող աշխատավորների իշխանությունը, մարքս-լենինյան գաղափարախոսությունը: «Դ. ս.»ի տեսաբաններ Բ. Կաուցկին (Ավստրիա), Հ. Հեյթսքելը, Ջ. Քոուլը, Ա. Քրոսլենդը, Հ. Լասկին, Հ. Մորիսոնը, Ջ. Ստրեյչին, Մ. Ֆիլիպսը (Մեծ Բրիտանիա), Ն. Թոմասը (ԱՄՆ), Ֆ. Շտեռնբերգը (ԳՖՀ) սոցիալիզմը մեկնաբանում են իբրև հասարակական և անձնական կյանքի բոլոր ոլորտներում կիրառվող սոցիալ-բարոյական իդեալ, որը ձևավորվում է ռեֆորմիստական միջոցառումների շնորհիվ և կոչված է յուրաքանչյուր առանձին դեպքում ապահովելու «առավել լրիվ դասակարգային ներդաշնակություն», «առավել հնարավոր համընդհանուր բարօրություն», «ազգային եկամտի առավել արդարացի բաշխում» և դրանով իսկ նպաստելու բուրժուական հասարակարգի հիման վրա և դրա շրջանակներում «տնտեսության սոցիալիստականացմանը»: Արտադրության միջոցների հասարակական, պետ. սեփականության փոխարեն՝ որպես «Դ. ս.»ի հավասարազոր հիմք անհրաժեշտ է համարվում պետ. հսկողությունը «խառը էկոնոմիկայի» նկատմամբ, որը մոնոպոլիաների տիրապետության պայմաններում պետական-կապիտալիստական ձեռնարկությունների կողքին տեղ է տալիս նաև մասնավոր կապիտալիստական ձեռնարկություններին ու մրցակցությանը: Ըստ «Դ. ս.»ի դոկտրինայի էկոնոմիկայի նկատմամբ բուրժ. պետության վերահսկողությունը ներկայացվում է որպես սոցիալիստական միջոցառում, որի մշակումը կախված է, առաջին հերթին, «բարոյական բարեփոխումից», ռեֆորմների անցկացման մասին «ընդհանուր համաձայնության» ձեռքբերումից՝ աշխարհայացքների տարբերության պահպանմամբ, բոլոր հայացքները (բացառությամբ կոմունիզմի) հանդուրժելու պայմաններում: «Դ. ս.»ի գաղափարը դարձել է Սոցիալիստական ինտերնացիոնալի նշանաբանը: 1951-ին Սոցիալիստական ինտերնացիոնալի Ֆրանկֆուրտի (ԳՖ Հ) կոնգրեսի դեկլարացիան ձևականորեն ևս անջրպետվեց մարքսիզմից, իր հիմնական դոկտրինան հռչակելով «Դ. ս.», որը կոչված էր տալ բարձր զարգացած երկրներում սոցիալական հարցերի միակ հնարավոր լուծումը: 1970-ական թթ. համար Սոցիալիստական ինտերնացիոնալի կուսակցությունները առաջ քաշեցին «սոցիալական դեմոկրատիայի» հասնելու խնդիրները: «Դ. ս.»ի գաղափարները լայնորեն օգտագործվում են կապիտալիզմի պաշտպանության համար մոնոպոլիստական կապիտալի երկրներում, սոցիալիզմի կառուցման պրակտիկայի վրա ոտնձգություններ գործելու և սոցիալիստական երկրներում կապիտալիզմը վերականգնելու փորձերը քողարկելու համար: «Դ. ս.» տերմինը գիտական չէ, քանի որ իբրև սոցիալիզմի վերնաշենք այն ընդունում է բուրժուական դեմոկրատիայի համակարգը և հնարավոր է համարում ոչ դեմոկրատական կառուցվածքի գոյությունը սոցիալիզմի պայմաններում: Մինչդեռ սոցիալիզմի կառուցումը հնարավոր է միայն պրոլետարիատի դիկտատուրայի և սոցիալիստական դեմոկրատիայի պայմաններում:

Գրկ. Լենին Վ. Ի., Իմպերիալիզմը որպես կապիտալիզմի բարձրագույն ստադիա. Երկ., հ. 22: Նույնի, Սպառնացող աղետը և ինչպես պայքարել նրա դեմ, Երկ., հ. 25: Программные документы борьбы за мир, демократию и социализм, М., 1961 Международное Совещание коммунистических и рабочих партий. Москва, 1969 (Сборник материалов), Прага, 1969 Идеология современного реформизма, М., 1970 Thomas N., Democratic socialism, N. Y., 1953 Sozialdemokratie in Europa, Hannover, 1966. Ա. Լյուլիկյան