ՀՍՀ/«ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՑԵՆՏՐԱԼԻԶՄԻ» ԽՈՒՄԲ
«ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՑԵՆՏՐԱԼԻԶՄԻ» ԽՈՒՄԲ («Դեցիստներ»), հակալենինյան, օպորտունիստական խումբ ՌԿ(բ)Կ կազմում: Առաջացել է 1919—1920-ին «ձախ կոմունիստների» ֆրակցիայի մնացորդներից: «Դ. ց.» խ. գլխավորել են Վ. Վ. Օսինսկին, Տ. Վ. Սապրոնովը, Վ. Մ. Սմիռնովը: Քողարկվելով կուսակցության դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքի քողի տակ՝ «դեցիստները», փաստորեն, պայքարել են պրոլետարիատի դիկտատուրայի և ցենտրալիզմի դեմ, պահանջել ամեն տեսակ կուսակցությունների, իսկ ՌԿ(բ)Կ-ում՝ ֆրակցիաների և խմբավորումների ազատություն, պաշտպանել անսահմանափակ կոլեգիալությունը, ձգտել քայքայել կուսակցության ղեկավար դերը սովետներում և արհմիություններում: Արհմիությունների մասին բանավեճում (տես Բանավեճ արհմիությունների մասին) Վ. Ի. Լենինը այդ խումբն անվանել է «ամենից բարձր ճչացողների» ֆրակցիա, իսկ նրա պլատֆորմը՝ էսեռա-մենշևիկյան: 1926-ին «Դ. ց.» խ. միացել է տրոցկիստական-զինովևական բլոկին: ՀամԿ(բ)Կ XV համագումարում «դեցիստները» վտարվել են կուսակցությունից:
