ՀՍՀ/«ԴԻԳԵՆԻՍ ԱԿՐԻՏԱՍ»
«ԴԻԳԵՆԻՍ ԱԿՐԻՏԱՍ», բյուզանդական էպոս, որ ձևավորվել է IX դարի վերջին և X դարի առաջին կեսին, մեզ է հասել էպիկական պոեմի ձևով: Պոեմում փառաբանվում են Վասիլ «Դիգենիս Ակրիտասի» («Երկածին սահմանապահի») սխրանքները: Պոեմի հերոսը ծնվել է Կապադովկիայում, Ուռհայ (Եդեսիա)՝ ամիրա Մասուրի և բյուզանդական զորավար Անդրոնիկոսի դուստր Իրենեի ամասնությունից (այստեղից էլ՝ «երկածին» հորջորջումը): Մանուկ հասակում ուսում է առել, տասներկու տարեկանում առյուծի և այլ գազանների որս արել: Ամուսնացել է զորավար Դուկասի դուստր Եվդոկիայի հետ, բնակվել Եփրատի ափին, սահմանագլխին (այստեղից էլ՝ «սահմանապահ» կոչումը): Մահացել է 33 տարեկան հասակում, ծանր հիվանդությունից: Նույն պահին մահացել է նաև Եվդոկիան: «Դ. Ա.»ի աշխարհագրական միջավայրը այն շրջաններն են, որոնք բյուզանդական աղբյուրներում կոչվում են «Հայկական բանակաթեմեր» (Լիկանդոս, Միջագետք ևն), որտեղ բացառապես հայեր էին բնակվում: Էպոսում հիշված են հայկ. այլ շրջաններ ևս՝ Աքայա (Մանանաղի), Խորձյան, «Հերակլեսի երկիր» (Անգեղ-տուն), հայազգի առասպելական ու պատմական անձինք՝ Անգիլաս (Տորք Անգեղյա), Ապոխալպ (Ապուքապ), Մայակես (Հմայակ), Մուսելես (Մուշեղ), Մելեմենծիս (Մլեհ Մեծ), պավլիկյան նշանավոր գործիչներ Կարբեասն ու Խրիսոքիրը (պոեմում՝ Կարոես և Խրիսոխերպոս): Ելնելով այն հանգամանքից, որ Ուռհայի ամիրա Մուսուրի հայրը հիշյալ Խրիսոխերպոսն է, քեռին՝ Կարոեսը, իսկ մայրը՝ Սպաթիան, այսինքն՝ արաբների հետ որևէ առնչություն չունեցող պատմական անձինք, կարծիք է հայտնվել, որ բյուզանդական էպոսը նկատի ունի ոչ թե Բյուզանդիա անցած արաբների, այլ Վասիլ Ա-ի (867—86) կոտորածների ժամանակ Տիվրիկից ու պավլիկյան շրջաններից խալիֆայություն փախած, իսկ հետագայում՝ Լևոն Զ-ի օրոք (886—912) Բյուզանդիա վերադարձած պավլիկյաններին ու նրանց հետնորդներին: Էպոսը սնող երկու աղբյուրներն էլ՝ պավլիկյաններն ու փոքրասիական ավազանին, մեծ մասամբ առնչվում են հայերի հետ:
Գրկ. Сыркин А, Я., Поэма о Дигенисе Акрите, М., 1964 Бартикян Р. М., Заметки о византийском эпосе о Дигенисе Акрите, «Византийский временник», 1964, т. 25 Adontz N.. Les fonds historiques de L epopee Byzantine Digenis Akritas, տես նրա՝ Etudes Armeno-Byzantines, Lisbonne, 1965 Trapp E., Digenes Akrites, Wien, 1971. Հ. Բարթիկյան
