ՀՍՀ/«ԵՐԵՎԱՆ» ՍՏՈՒԴԻԱ
«ԵՐԵՎԱՆ», ստուդիա ՀՍՍՀ Մինիստրների սովետի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի հեռուստատեսային ֆիլմերի, կազմակերպվել է 1970-ին՝ Երևանի հեռուստաստուդիայի կինոխմբի (1958, հետագայում՝ կինոմիավորում) հիման վրա: «Ե.»ի ֆիլմերից են՝ «Սայաթ-Նովա», «Շիրակի մեղեդիներ», «Մեծամորի առեղծվածը», «Երգ-երգոց», «Վասպուրական», «Սովետների երկրի երեխաները», «Վարդան Աճեմյան», «Առնո Բաբաջանյան՝ քո ժամանակակիցը», «Ձախորդ փանոսը», «Մորգանի խնամին», «Ջրհորի մոտ», «Բաժբեուկ-Մելիքյան»: Սովետական Հայաստանի 50-ամյակին է նվիրված «Կեսդարյա կինոտարեգրություն» (1970) 5-սերիանոց ֆիլմը: «Ե.»ի ֆիլմերը ցուցադրվում են նաև Կենտրոնական, ինչպես և արտասահմանյան հեռուստատեսությամբ: «Ե.»ում են աճել ռեժիսորներ Ժ. Ավետիսյանը, Վ. Զաքարյանը, Գ. Ալագյոզյանը, Մ. Վարժապետյանը, Հ. Հախվերդյանը, օպերատորներ Ս. Մաբտիրոսյանը, Լ. Պողոսյանը և ուրիշներ:
