ՀՍՀ/«ԵՐԵՎԱՆՆԱԽԱԳԻԾ»
«ԵՐԵՎԱՆՆԱԽԱԳԻԾ», Երևանի քաղաքային սովետի գործկոմի նախագծային ինստիտուտ: Հիմնադրվել է 1958-ին, Եր-քաղսովետի գործկոմի ճարտարապետական հատակագծային վարչության նախագծային արվեստանոցի բազայի վրա: Մշակում է Երևան քաղաքի գլխավոր հատակագծի, բնակելի զանգվածների և տների, հասարակական և կոմունալ կառույցների նախագծեր: Ունի հինգ ճարտ. և մեկ հատակագծային արվեստանոց, հատուկ մասնագիտացված և տեխ. բաժիններ: Կազմվել է Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը՝ մինչև 2000 թ. հեռանկարով, որը 1971-ին ընդունել է ՀՍՍՀ Մինիստրների սովետը, հաստատել՝ ՍՍՀՄ Պետշինի հատուկ հանձնաժողովը: Երևանի կենտրոնի կառուցապատման նախագիծը 1974-ի համամիութենական մրցույթում շահել է առաջին մրցանակ: «Ե.»ի նախագծերով Երևանում կառուցվել են նոր բնակելի զանգվածներ (Աջափնյակ, Նոր Նորք, Զեյթուն, Էրեբունի ևն), ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի արդյունաբերության, գիտության և մշակույթի տաղավարները (Ֆ. Դարբինյան, Ա. Մելքոնյան, Ջ. Թորոսյան, Ռ. Մանուկյան, Լ. Գեորգյան, Հ. Շահնազարյան), «Անի» հյուրանոցի (Ֆ. Դարբինյան, Է. Սաֆարյան, Ֆ. Հակոբյան, Գ. Բալյան), «էրեբունի» թանգարանի (Բ. Արզումանյան, Շ. Ագատյան), Շախմատիստի կենտրոնական տան (ժ. Մեշչերյակովա, Ռ. Մանուկյան), մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ-ի (Հ. Մարգարյան, Բ. Արզումանյան, Շ. Ազատյան, Յու. Դալլաքյան), սրտաբանության և սրտային վիրաբուժության Լ. Ա. Հովհաննիսյանի անվ. ԳՀԻ-ի (Ջ. Թորոսյան, Լ. Գրիգորյան), Կինոյի տան (Ե. Սաֆարյան, Ի. Մանուչարյան) և այլ շենքեր: «Կովպետտրանս» նախագծային ինստ-ի հետ համատեղ մշակվել է Երևանի ստորգետնյա արագընթաց էլեկտրատրանսպորտի տեխ. նախագիծը: Նախագծվում են «Լենինի հրապարակ», «Ուսանողական», «Թատերական», «Բարեկամություն» և «Կիևյան» կայարանների նախասրահները, կազմվում են ՀՍՍՀ կառավարական նոր տան, Երևանի պատմական և ճարտարապետական հուշարձանների պահպանման և այլ նախագծեր: «Ե.» ինստ-ում են աշխատել Հ. Մարգարյանը, Մ. Մազմանյանը, Գ. Քոչարը և վաստակաշատ ուրիշ ճարտ-ներ ու շինարարներ:
