Jump to content

ՀՍՀ/«ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆ», հասարակական-քաղաքական և տնտեսական շաբաթաթերթ (1903—73), 1975-ից՝ ամսաթերթ: Լույս է տեսնում փարամուսում (Նյու Ջերսի նահանգ): Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության Ամերիկայի շրջանակի օրգան: Խմբագիրներ՝ Ա. Սապահ-Գյուլյան, Գ. Մեղիկյան, Ա. Տեր-Վարդանյան, Բ. Վարազդատ, Ս. Խան-Գելոֆյան, Ե. Սիրվարդ, Ե. Սաֆո, Լ. Մարտիրոսյան, Պ. Պոնտացի, Մ. Սիմոնյան, Ա. Շամլյան, Ս. Շահեն: Թերթը հնչակյան կուսակցության դիրքերից պայքարել է արևմտահայության տնտ. և քաղ. վիճակի բարելավման և Հայկական դատի արդարացի լուծման համար, մերկացրել թուրք, իշխանությունների քաղաքականությունը Հայկական հարցում, նրա պանիսլամական ու պան-թուրքական ձգտումներն Արևելքում: Ներկայացրել է գավառներում (Մաշ, Տիգրանակերտ, Տարոն ևն) հնչակյան շարժման ընթացքը, դրվագներ հայ հայդուկային խմբերի գործունեությունից: Ողջունել է Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը և Հայաստանում սովետական իշխանության հաստատումը: Պրոպագանդել է ՀՕԿ-ի գործունեությունը, հայրենակցական միությունների վերաշինական աշխատանքները Սովետական Հայաստանում, նպաստել հայրենիքի հետ գաղութահայության կապերի ամրապնդմանը: Հետագա շրջանում հանդես է եկել սառը պատերազմի դեմ, մերկացրել ՍՍՀՄ-ի քաղաքականությունը խեղաթյուրելու, հայրենադարձությունը վիժեցնելու դաշնակցության փորձերը: Վերջին տարիներին լայն տեղ է հատկացնում ՍՍՀՄ արտաքին խաղաղասիրական քաղաքականության, Սովետական Հայաստանի տնտեսության ու մշակույթի հարցերին, տպագրում սովետական պետ. գործիչների, արվեստի ու գրականության ներկայացուցիչների հոդվածները, արտատպում ՀՍՍՀ մամուլի նյութերից: Տպագրում է նյութեր սփյուռքի հայրենակցական կազմակերպությունների և հնչակյան կուսակցության մասնաճյուղերի աշխատանքների մասին: Թերթի էջերում պարբերաբար տեղ են գտնում հայ և օտար հեղինակների գրական-գեղարվեստական գործերը, ներկայացվում հայ արվեստն ու նրա գործիչները: «Ե. Հ.» տարբեր տարիներին տպագրվել է Բոստոնում, Նյու Յորքում, Պրովիդենսում և Չիկա-գոյում: