ՀՍՀ/«ԵՐԿՐԱԳՈՒՆՏ» ԳՐԱԿԱՆ
«ԵՐԿՐԱԳՈՒՆՏ», գրական, գիտական և քաղաքական ամսագիր: Ասիական ընկերության հրատարակություն: Լույս է տեսել 1883-88-ին, Կ. Պոլսում: Խմբագիրներ՝ Հ. Պարոնյան, Ե. Տեմիրճիպաշյան: Տպագրել է նյութեր ազգային կյանքի մասին, քաղ. լուրեր, ուսումնասիրություններ հայոց լեզվի և հայ գրականության պատմության վերաբերյալ, պատմական, աշխարհագրական և գիտական հոդվածներ: Ամսագիրը բարձրացրել է կանանց իրավահավասարության և աղջիկների դաստիարակության հարցը: Մանկավարժական-դաստիարակչական հոդվածներով օգնել է կրթական գործի բարելավմանը, ծանոթացրել ուսուցման եվրոպական մեթոդներին: Թղթակցել են Գ. Զոհրապը, Գ. Սրվանձտյանցը, Ե. Դուրյանը, Ե. Տեմիրճիպաշյանը, Լ. Բաշալյանը և ուրիշներ: Տպագրել է գրախոսականներ, մամուլի տեսություններ, թարգմանաբար ներկայացրել Լամարթինի, Հյագոյի, Լա-ֆոնտենի, Բայրոնի, Շելլիի և այլոց գործերից: Ընթերցողներին ծանոթացրել է նշանավոր գիտնականների կյանքին ու գործունեությանը, նորագույն հայտնագործություններին: Տպագրել է Ասիական ընկերության ազդերն ու որոշումները:
