ՀՍՀ/«ԶԱՆԳՈՒ»
«ԶԱՆԳՈՒ», հասարակական-քաղաքական շաբաթաթերթ: Լույս է տեսել Փարիզում, 1935—37-ին: Խմբագիր` Մ. Մանուշյան: Ֆրանսահայ կոմունիստների թերթն էր: Պաշտպանել է հայ գաղութի աշխատավորների շահերը, օգնել բարձրացնելու նրանց դասակարգային գիտակցությունը և համախմբել հայ աշխատավորներին երկրի բանվորական կազմակերպությունների հետ: Մեծ դեր է խաղացել գաղութի և սովետական հայրենիքի կապերն ամրապնդելու գործում: Լայնորեն լուսաբանել է Սովետական Հայաստանի կյանքը, նրա նվաճումները, օգնել հայրենադարձության գործին, ՀՕԿ-ի և առաջադիմական կազմակերպությունների աշխատանքներին, հետևողականորեն պայքարել դաշնակցության դեմ: Թերթը ձգտել է տեղյակ պահել իր ընթերցողներին միջազգային քաղ. իրադարձություններին, պրոպագանդա է մղել ֆաշիզմի և պատերազմի օրեցօր սպառնացող վտանգի դեմ: Աշխատակցել են Գ. Թահմազյանը, Դ. Դավիթյանը, Տ. Զավենը, Հ. Գալճյանը, Զ. Որբունին, Ե. Թոլայանը, Ա. Կոթիկյանը, Ե. Քոչարը և ուրիշներ:
