ՀՍՀ/«ԶԱՐԹՈՆՔ» ՕՐԱԹԵՐԹ ԲԵՅՐՈՒԹ
«ԶԱՐԹՈՆՔ», հասարակական, քաղաքական, գրական օրաթերթ: Լույս է տեսնում Բեյրութում (Լիբանան), 1937-ից: Խմբագիրներ` Վ. Թեքեյան, Լ. Թյությունջյան, Հ. Պողոսյան, Հ. Դավիթյան, Գ. Բեքերեջյան, Գ. Ահարոնյան: Ռամկավար ազատական կուսակցության օրգանն է: «Զ.» առաջին օրվանից դիրքորոշվել է Սովետական Հայաստանի կողմը, պայքարել դաշնակցության դեմ: Հայրենական պատերազմի տարիներին լուսաբանել է սովետական, ինչպես նաև դաշնակից բանակների ռազմ, գործողությունները, մերկացրել գերմ. ֆաշիստներին: Ետպատերազմյան տարիներին ջատագովել է հայրենադարձությունը, օժանդակել Հայաստան սփյուռք կապերի ամրապնդմանը, էջեր տրամադրել գիտության, մշակույթի, լուսավորության և այլ բնագավառներում հայրենիքի բարգավաճումը պատկերող նյութերին, տպագրել հայ և սովետական հեղինակների ստեղծագործություններն ու հոդվածները: «Զ.» ուշադրության կենտրոնում է պահել միջազգային, քաղ. և սփյուռքահայության ազգային կյանքը, ակտիվորեն միջամտել ազգապահպանման, եկեղեցական, դպրոցական, մշակութային, երիտասարդական հարցերին, լուսաբանել է ՀԲԸՄ-ի գործունեությունը: Ունի գրական, մարզական ու գիտական բաժիններ: Առանձին հրատարակությամբ լույս է ընծայել «Զարթոնք սփոր» (1955—1957, խմբագիր` Վ. Պետիկյան) և «Էլյաքզա» («Զարթոնք», արաբ. 1957) թերթերը, «Զարթոնք Բացառիկ» (1962),«Հուշամատյան մեծ եղեռնի» (1965) ստվարածավալ հատորները:
