ՀՍՀ/«ԶՈՒԼՈՒՄ»
«ԶՈՒԼՈՒՄ» (թուրք, zulum — ճնշում, բռնություն, բռնատիրություն), օսմանյան Թուրքիայում Աբդուլ Համիդ II-ի (1878—1909) բռնապետական կառավարման անվանումը գրականության մեջ: Այդ շրջանի Թուրքիայում վերացվեցին սահմանադրական կարգի սաղմերը, հաստատվեց երկրի հասարակական քաղաքական և մշակութային զարգացումն արգելակող բռնության և տեռորի ռազմա-ոստիկանական վարչակարգ: Պետ. ապարատում տիրում էր կաշառակերությունն ու գանձագողությունը: Ամենաչնչին կասկածի դեպքում ձերբակալվում, աքսորվում և գլխատվում էին մարդիկ: «Զ.» արտահայտվեց նաև պանիսլամիզմի ուժեղացմամբ: Կազմակերպվեցին ազգային փոքրամասնությունների, հատկապես հայերի, զանգվածային կոտորածներ (տես Հայկական կոտորածներ 1895—96): «Զ.»ի քաղաքականությունն անցկացնելիս Աբդուլ Համիդը հենվում էր խոշոր ֆեոդալների և, մասնավորապես, ոչ թուրք ծագում ունեցող (քուրդ, ալբանացի, չերքեզ, արաբ) բեկերի ու նրանց շուրջը համախմբված աշիրեթների վրա` անտեսելով ոչ միայն թուրք, բուրժուազիայի, այլև կալվածատիրության մեծ մասի շահերը: «Զ.»ի վարչակարգը ուժեղացրեց դժգոհությունը բնակչության ամենատարբեր խավերում, որից օգտվեցին երիտթուրքերը և հեղաշրջման միջոցով (տես Երիտթուրքական հեղափոխություն 1908) վերջ տվեցին համիդյան տիրակալությանը:
Գրկ. Новичев А. Д., Турция, краткая история, М», 1965 Петросян Ю. А., Младотурецкое движение, М., 1971 Ramsaur E. E., The Young Turks, Prelude to the revolution of 1908. N. Y.1957,
