Jump to content

ՀՍՀ/«ԶՎԱՐԹՆՈՑ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԶՎԱՐԹՆՈՑ», գրականության և գեղարվեստի պարբերաթերթ: Հրատարակվել է 1929—31, 1937—39, 1944, 1947—48, 1955—67-ին, Փարիզում: խմբագիր-հրատարակիչ` Հ. Բալույան: «Զ.» հետևում էր «մաքուր» կամ քաղաքականությունից դուրս արվեստի տեսությանը: Պարբերաթերթի նյութերը հիմնականում նվիրված էին գրականությանը: «Զ.»ի էջերում հանդես են եկել Կ. Զարյանը, Վ. Թեքեյանը, Ա. Չոպանյանը, Շ. Շահնուրը, Զ. Որբունին, Հ. Օշականը, Ա. Սեման, Բ. Թոփալյանը և ուրիշներ: Ներկայացրել է անցյալի հայ հեղինակների առանձին գործեր և անտիպ նյութեր (Քուչակ, Կոմիտաս, Ղ. Ալիշան, Դ. Վարուժան, Ռ. Զարդարյան, Սիպիլ, Ե. Տեմիրճիպաշյան, Գ. Օտյան, Մ. Զարիֆյան, Թեոդիկ ևն): Սկզբնական շրջանում քիչ, հետագայում ավելի լայնորեն «Զ.» անդրադարձել է հայ սովետական գրականությանը (Գ. Մահարի, Ա. Բակունց, Ե. Չարենց, Ա. Իսահակյան): Տպագրել է նաև ռուս և եվրոպական հեղինակների գեղարվեստական գործեր ու հոդված-ուսումնասիրություններ (Վ. Մայակովսկի, Լ. Տոլստոյ, Մ. Գորկի, Ա. Ֆրանս, Ռ. Ռոլան, Ս. Ցվայգ, Լ. Պիրանդելո, Հ. Իբսեն ևն): Արվեստի բաժնին (թատրոն, երաժշտություն, նկարչություն, ճարտարապետություն, կինո ևն) թղթակցել են Շ. Պերպերյանը, Մ. Բաբայանը, Ա. Բուդաղյանը, Գ. Հովսեփյանը և ուրիշներ: