ՀՍՀ/«ԷՄԻՆՅԱՆ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԱԾՈՒ»
«ԷՄԻՆՅԱՆ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԱԾՈՒ», հրատարակություն Արևելյան լեզուների Լազարյան ճեմարանի (Մոսկվա): Լույս է տեսել 1901-1913-ին (9 գիրք), Ալեքսանդրապոլում, Վաղարշապատում, Մոսկվայում, Նոր Նախիջևանում և Թիֆլիսում: Խմբագիրներ՝ Գ. Խալաթյանց (հ. 1-8), Կ. Կոստանյան (հ. 9): Ժողովածուն հրատարակվել է Մ. Էմինի կտակած գումարով: Մեծապես նպաստել է հայ ազգագրության և բանահյուսության հավաքման, հրատարակման և ուսումնասիրման գործին: «Է. ա. ժ.»ի շնորհիվ հրապարակ եկան բանահյուսական-ազգագրական նշանավոր հավաքածուներ՝ Ալ. Մխիթարյանցի «Փշրանք Շիրակի ամբարներից», Ս. Հայկունու «ժողովրդական վեպ և հեքիաթ», «Հայ-քրդական վեպ», «ժողովրդական երգ, առած, ասացվածք, հանելուկ, երդում, օրհնանք, անեծք և այլն»: Գրի են առնված «Սասնա ծռեր»ի 4 պատում, ժող. վեպերի ու սիրավեպերի 32 պատում, 117 հեքիաթ ու առակ, 276 երգ, 7861 առած, ասացվածք, հանելուկ ևն: Մեծ արժեք են ներկայացնում Հ. Աճառյանի «Թուրքերենե Փոխառյալ բառեր հայերենի մեջ», «Հայ բարբառագիտություն», «Հայերեն գավառական բառարան» աշխատությունները: «Է. ա. ժ.» հրապարակել է նաև ազգագրական, բանահյուսական, թարգմանական աշխատություններ:
Ա. Նազինյան
