ՀՍՀ/«ԷՋՄԻԱԾՆԻ ԱՎԵՏԱՐԱՆ»
«ԷՋՄԻԱԾՆԻ ԱՎԵՏԱՐԱՆ», «Փղոսկրյա Ավետարան», հայ գրչության և մանրանկարչության հուշարձան: Ընդօրինակել է Հովհաննես գրիչը՝ 989-ին, Բղենո նորավանքի Ս. Ստեփանոս եկեղեցում: Պատվիրատու՝ Ստեփանոս քահանա: Բնագիրը պարունակում է 35 Х 28 չափի 233 մագաղաթյա թերթ, պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում (ձեռ. N 2374): Բաղկացած է գեղեցիկ-երկաթագրով գրված չորս Ավետարաններից: Մատթեոսի Ավետարանին նախորդում է քառաթերթ մի պրակ՝ ամբողջ էջերն զբաղեցնող մանրանկարներով: 1 ա—5 ա էջերում Եվսեբիոսի թուղթն է և համաբարբառները՝ ճոխ խորանների մեջ առնված: 5 բ էջում մի տաղավարիկ է պատկերված (tempietto), որին հաջորդում են թեմատիկ մանրանկարներ, գահին բազմած Հիսուսը (6 ա), երկուական կանգնած չորս ավետարանիչները (б բ 7 ա), Աստվածածինը՝ Մանուկը գրկին (7 բ) և Աբրահամի զոհաբերությունը (8 ա): Ձեռագրի վերջում ներմուծված է երկու թերթ՝ 228, 229, որոնց վրա պատկերված են VI—VII դդ. մանրանկարներ՝ «Զաքարիայի ավետումը», «Մարիամի ավետումը», «Մոգերի երկրպագությունը» և «Մկրտություն»: «է. ա.»ի լուսանցքներում նույնպես կան պատկերներ: Կազմը բաղկացած է 36,5X 30,5 սմ մեծության փղոսկրյա երկու կողքերից, որոնք VI դ. աշխատանք են համարվում: Կողքերից յուրաքանչյուրը բաղկացած է հնգական սալիկից, որոնցից յուրաքանչյուրի վրա պատկերված է առանձին տեսարան: Այս կազմը վաղ քրիստոնեական հայկ. արվեստի նշանակալից հուշարձաններից է: Բացառիկ արժեք ունեն VI—Vll դդ. մանրանկարները: Չորս տեսարաններն էլ իրենց խորհրդանշական բնույթով վերաբերում են հայտնության թեմային: Հագեցված և փոքր-ինչ մուգ ու խաղաղ երանգները կանաչի, կապույտի և ոսկու ոչ շռայլ գործածությամբ ստեղծում են տպավորիչ գունագեղություն: Արտահայտիչ են դեմքերը՝ օժտված ազգային ինքնատիպությամբ: Կատարողական առանձնահատկություններով ու երանգավորմամբ այդ աշխատանքները մոտենում են նույն ժամանակաշրջանի հայ ճարտ. մի շարք հուշարձանների որմնանկարներին (Արուճ, Լմբատ): Սկզբնաթերթերի մանրանկարները ոճական առանձնահատկություններով ու պատկերագրությամբ IX—X դդ. գեղանկարչության ավանդույթների արտահայտությունն են և հիշեցնում են Աղթամարի եկեղեցու որմնանկարները: Շողացող վարդագույնը կանաչի և, հատկապես, շագանակագույն հարուստ երանգների ու ոսկու փայլի հետ նկարներին հաղորդում է տոնական-հանդիսավոր հնչեղություն: Գեղեցիկ են խորանները: Օգտագործված են հիմնականում պայտաձև զույգ կամարներ, որոնց հորինվածքը գույնզգույն զարդամոտիվների և լրացուցիչ մանրամասների կիրառմամբ համահնչյուն է մատյանի ընդհանուր բնույթին: Նկարազարդումները թողնում են կոթողային բարձրաքանդակի տպավորություն՝ նմանվելով եկեղեցիները գարդարող շքամուտքերին: Բացառիկ է «է. ա.»ի մանրանկարների դերը հայ գեղանկարչության հետագա զարգացման գործում, թե բուն Հայաստանի XII—XIII դդ. և թե Կիլիկյան մանրանկարչության բարձր արվեստը հաստատեցին ու խորացրին «է. ա.»ի գեղագիտական սկզբունքները: «է. ա.»ի ուսումնասիրությամբ զբաղվել են բազմաթիվ գիտնականներ՝ Գ. Բրոսսեն, Ա. Ուվարովը, Վ. Ստասովը, Ն. Կոնդակովը, Յո. Ստրժիգովսկին, Գ. Վայցմանը, Ֆ. Մակլերը, Ս. Տեր-Ներսեսյանը և ուրիշներ:
Գրկ. Ստրժիգովսկի Հ., Էջմիածնի Ավետարանը, Վնն., 1892: Տեր-Ներսեսյան Ս.. Էջմիածնի Ավետարանի սկզբի թերթերի մանրանկարների թվականը, տես նրա Հայ արվեստը Միջնադարում, Ե., 1975: Macler F., l Evangile armenien Edition phototypique du manuscrit 229 de la bibliotheque d Etchmiadzin (989 de J. C), P., 1920.
Հ. Հակոբյան
