ՀՍՀ/«ԷՐԷԲՈՒՆԻ»
«ԷՐԷԲՈՒՆԻ», հրատարակչություն, հիմնվել է 1968-ին (Էրեբունի-Երևանի հիմնադրման 2750-ամյակի հոբելյանական օրերին), Փարիզում: Մասնաճյուղեր ունի Լիբանանում (Բեյրութ), ԱՄՆ-ում (Նյու Յորք): Սփյուռքահայ դպրոցների և դպրոցահասակ երեխաների համար տպագրում է հայ դասական և ժամանակակից գրողների մանկական և այլ ստեղծագործություններ, նպաստում հայ մշակույթի տարածմանը արտասահմանյան երկրների հայկ. և օտար շրջաններում: Հրատարակել է Հ. Թումանյանի «Գիքորը», «Քաջ Նազար»ը, «Անբախտ վաճառականներ»ը, «Փարվանա»ն, «Թմկաբերդի առումը», «Շունն ու կատուն», «Մի կաթիլ մեղրը», «Աղավնու վանքը», Դ. Դեմիրճյանի «Պույ պույ մուկիկը», Ա. Իսահակյանի «Առակներ»ը, Մ. Զորյանի «Մմբատ Բագրատունի»ն, Վ. Անանյանի «Որսորդական պատմվածքներ»ը (11 պրակ)՝ հայ սովետական նկարիչների (Գ. Խանջյան, Ա. Գրիգորյան, Կ. Սմբատյան, Ա. Յարալյան, Ռ. Մանուկյան, Ա. Ազիզյան) պատկերազարդումներով: «Մատենաշար ժամանակակից սփյուռքահայ բանաստեղծության» խորագրով «է.» հրատարակչությունը լույս է ընծայել Բ. Թոփալյանի, Ա. Ծառուկյանի, Եղիվարդի, Գ. Ադդարյանի, Մ. Իշխանի, Զահրատի, Զ. Խրախունու, Ա. Ճանյանի, Վ. Գարակյոզյանի և ուրիշների բանաստեղծությունների ժողովածուները: Իրականացրել է «Հայկական խաչքարեր» գեղատիպ ալբոմի տպագրությունը (1973): Հրատարակում է (1970-ից) Հայաստանի պատմական հուշարձանների և տեսարժան վայրերի պատկերներով գունատիպ՝ պատի օրացույցներ, բացիկներ: «Է.» նպաստում է հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանը, կազմակերպում է հայ սովետական նկարիչների գործերի ցուցահանդես-վաճառք Բեյրութում (1974), Ֆրանսիայում (1977): «Է.»ի գլխավոր խմբագիրն է (1968-ից) Վ. Գարակյոզյանը:
