ՀՍՀ/«ԸՆՏԱՆԻՔԻ, ՄԱՍՆԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄԸ»
«ԸՆՏԱՆԻՔԻ, ՄԱՍՆԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄԸ», Ֆ. էնգելսի աշխատությունը, գրվել ու հրատարակվել է 1884-ին: Չորրորդ հրատարակության ժամանակ (1890—91) զգալիորեն փոփոխվել ու լրացվել է: Բաղկացած է 9 գլխից: Աշխատությունը գրելիս Էնգելսը օգտագործել է Լ. Մորգանի «Հնադարյան հասարակություն» ուսումնասիրությունը և այդ երկի Կ. Մարքսի մշակումները: Ընդհանրացնելով Մորգանի ուսումնասիրություններն ամերիկյան բնիկների տոհմային կարգերի զարգացման մասին՝ նա վերլուծել է ընտանիքի ձևավորման, զարգացման ու պատմական ձևերի առաջացման պրոցեսը, վերջինիս սոցիալ-տնտեսական պայմանավորվածության ընթացքի տոհմային կարգերից դասակարգային հասարակությանն անցնելու հիմնական նախադրյալներն ու պատճառները: Մասնավոր սեփականության և դասակարգերի առաջացման անխուսափելիությունը բացատրելով աշխատանքի հասարակական բաժանմամբ և աշխատանքի արտադրողականության աճով՝ Էնգելսը միաժամանակ ապացուցել է արտադրության զարգացման բարձր աստիճաններում դրանց անհետացման անհրաժեշտությունը: Ցույց տալով պետության առաջացման պրոցեսը՝ նա գտնում է, որ այն ծագել է դասակարգային հակամարտությունները սանձահարելու անհրաժեշտությունից և դասակարգերի անհետացմամբ կվերանա: Աշխատությունը բացահայտում է մարդկության սոցիալական զարգացման կարևոր օրինաչափությունները և հեռանկարները, շարադրում պատմության մատերիալիստական ըմբռնման հիմնական դրույթները: Աշխատությունը հայերեն հրատարակվել է 7 անգամ, առաջին անգամ՝ 1932-ին, Երևանում, Ե. Տեր-Մինասյանի թարգմանությամբ:
Մ. Մելիքյան
