ՀՍՀ/«ԹԱՏՐՈՆ» ԵՐԳԻԾԱԿԱՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
«ԹԱՏՐՈՆ», երգիծական շաբաթաթերթ: Հրատարակվել է 1874—77-ին, Կ. Պոլսում: Խմբագիր-տնօրեն՝ Հ. Պարոնյան: Լուսաբանել է Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականությունը, անդրադարձել է գավառի իրադարձություններին, մերկացրել համիդյան հայահալած քաղաքականության էությունը: Ծաղրել է Ազգային սահմանադրությամբ կամ դիվանագիտական ճանապարհներով արևմտահայերին «փրկել» ցանկացող պոլսահայ սահմանադրականներին, Արևելյան հարցի վերաբերյալ եվրոպական քաղաքագետների դիրքորոշումը և 1876-ի միջազգային կոնֆերանսի (Կ. Պոլիս) կազմակերպումը: Պարզաբանելով Սան Ստեֆանոյի դաշնագիրը և Բեռլինի վեհաժողովի որոշումները՝ շեշտել է դրանց՝ արևմտահայության համար անօգուտ լինելը: «Թ.»ում «Քաղաքական» և ապա՝ «Կսմիթներ» խորագրերի տակ տպագրված Հ. Պարոնյանի պամֆլետներից ու ֆելիետոններից է ստեղծվել նրա «Կսմիթներ» ծավալուն երկն» իսկ «Կենսագրականք» և «Նկարագրություն դիմաց և բնավորությանց մայրաքաղաքիս թաղերու ազգայնոց» պարբերաբար լույս տեսնող նյութերից՝ «Ազգային ջոջեր»ը և «Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ»ը: Գրաքննությունը մշտապես հալածել է թերթը, որը բազմիցս փակվել է և վերստին հրատարակվել: Հ. Պարոնյանը 1874-75-ին լույս է ընծայել նաև «Թիյաթրո» («Թատրոն») թուրքերեն եռօրյա թերթը, ուր հիմնականում տպագրում էր «Թ.»ի նյութերը:
