ՀՍՀ/«ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ԱՎԵՏԱՐԱՆ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ԱՎԵՏԱՐԱՆ», հայկական ձեռագիր մատյան՝ ընդօրինակված 1232-ին: Նկարազարդել է մանրանկարիչ Գրիգորը (XIII դ.): «Թ. Ա.» Ուտիքի Թարգմանչաց վանքից 1916-ին Էջմիածնի մատենադարան է բերել Գ. Հովսեփյանը: Այժմ գտնվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում (ձեռ. 2743): խորանների սյուներին կան հիշատակագրություններ, գրված է նաև ձեռագրի պատվիրատուի՝ ոմն Հովհաննես քահանայի անունը: Վերջին հիշատակարանում, որպես ավետարանի տերեր, նշվում են Վերին Խաչենի իշխան Գրիգոր Դոփյանը և նրա կինը՝ Սյունյաց Տարսաիճ իշխանի դուստր Ասփան:
