ՀՍՀ/«ԹԻՖԼԻՍԻ ԲԱՆՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ»
«ԹԻՖԼԻՍԻ ԲԱՆՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ», Թիֆլիսի բանվորների առաջին սոցիալ-դեմոկրատական մարքսիստական խումբը: Գործել է 1898-1901-ին: Միության անդամներն էին Մ. Մելիքյանը (Դեդուշկա), Ա. Կախոյանը (բանվոր Խեչո), Գ. Ղարաջյանը (Ա. Տ. Արկոմեդ), Հ. Փիլոսյանը (Ադամյան), Գ. Կոզիկյանը (Եսալեմ) և ուրիշներ: «Թ. բ. մ.» գաղտնի հեղափոխական աշխատանք է տարել բանվորների մեջ, նրանց համար մարքսիստական որոշակի ծրագրով պարապմունքներ է անցկացրել, լույս է ընծայել «Բանվոր» ձեռագիր թերթը (բազմացվել է 60—100 օրինակ, լույս է տեսել 23 համար), մասնակցել է Թիֆլիսի բանվորների քաղ. ելույթներին: «Թ. բ. մ.» հայերեն է թարգմանել Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը» և մարքսիստական այլ գրքույկներ: Միությունը կապված էր վրաց. և ռուս, ս-դ-ների հետ, իր ճյուղերն ուներ Բաքվում, Բաթումում և այլ քաղաքներում: 1901-ին ցարական գործակալները հայտնաբերել են «Թ. բ. մ.» և ջախջախել:
Գրկ. Բարսեղյան Խ. Հ., Մարքսիզմի տարածումը Հայաստանում, գիրբ 1, Ե., 1967:
