ՀՍՀ/«ԹՈՒՂԹ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ»
«ԹՈՒՂԹ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ», Ներսես Շնորհալու հորդորական գրությունը՝ ուղղված բոլոր հայերին: Արտացոլում է XII դ. սոցիալ-տնտեսական հարաբերությունների, հասարակական ներհակությունների բնույթը Հայաստանում: Այն նաև ամուսնա-ընտանեկան, քրեա-իրավական նորմերի հուշարձան է: «Թ. ը.» ուղղվել է աշխարհիկ և հոգևոր բոլոր խավերին, բացահայտել հոգևորականության այլասերումն ու հեղինակության անկումը, եկեղեցու դերը ազգային ինքնուրույնության պահպանման հարցում: Ներսես Շնորհալին հոգևորականներին խրատել է՝ ագահության, հարստություն կուտակելու, անձնական տնտեսություններն ընդլայնելու տենչով մտահոգվելու փոխարեն նվիրվել ժողովրդի հոգևոր դաստիարակության գործին, լինել առաքինի, պարկեշտ, զերծ մնալ կաշառակերությունից: Աշխատավորներին նվիրված բաժնում կամայականությունների, անօրինական հարկերի, ծայրահեղ շահագործման ենթակա ժող. զանգվածների վիճակը թեթևացնելու նպատակով ֆեոդալներին հորդորել է լինել չափավոր, շինականին անտեղի չհարկել, չպատժել, չկողոպտել, մահվան չդատապարտել: Նրանց հորդորել է նվիրվածություն հոգևոր կյանքին, հնազանդություն ֆեոդալներին: «Թ. ը.»ում հեղինակը սահմանել է ամուսնական տարիքը (տղաների համար՝ 15, աղջիկների համար՝ 12), կարևոր համարել ամուսնության կամավորությունը: Խրատներում հատուկ տեղ է հատկացվել կանանց: Գիտակցելով կենցաղ մուտք գործող ծայրահեղ նորաձևությունների վտանգավորությունը՝ կանանց խրատել է պճնամոլությամբ զբաղվելու, անձը ոսկով ու արծաթով զարդարելու փոխարենլինել պարկեշտ, հոգեպես գեղեցիկ, զերծ մնալ աղանդներից, կավատությունից, անբարոյականությունից: «Թ. ը.» գրվել է հոգևորականության դերի բարձրացման, հերձվածողների դեմ պայքարն ուժեղացնելու նպատակով, արտացոլել է դասակարգային հակասությունների սրման, սոցիալական, իրավական անարդարությունների խորացման էությունը: Այնտեղ հայ իրականության մեջ առաջին անգամ արծարծվում է աշխատավոր ժողովրդին կամայականություններից պաշտպանելու անհրաժեշտությունը: «Թ. ը.» առաջին անգամ հրատարակվել է 1788-ին, Պետերբուրգում: 1829-ին Վենետիկում հրատարակվել է լատ., 1841-ին Պետերբուրզում՝ ռուս, մասնակի թարգմանությամբ:
Գրկ. Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 1, ԿՊ, 1912, էջ 1902 —0 Հ: Աբեղյան Մ.,
Երկ., հ. 4, Ե., 1970: Հակոբյան Գ., Ներսես Շնորհալի, Ե., 1964: Сукиасян А. Г., История Киликийского Армянского государства и права (XI—XIV вв.), Е., 1969, с. 176—179.
Ա. Սուքիասյան
