ՀՍՀ/«ԻԶՎԵՍՏԻԱ»
«ԻԶՎԵՍՏԻԱ», «Իզվեստիա սովետով նարոդնիխ դեպուտատով ՍՍՍՌ» («Известия», «Известия советов народных депутатов СССР». «Տեղեկագիր», «ՍՍՀՄ ժողովրդական դեպուտատների սովետների տեղեկագիր»), ընդհանուր քաղաքական օրաթերթ: Հրատարակիչն է ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահությունը: Թերթի առաջին համարը լույս է տեսել 1917-ի փետր. 28 (մարտի 13) ին,Պետրոգրադում: 1918-ի մարտի 12-ից հրատարակվում է Մոսկվայում: Թերթի քաղ. ուղղությունը մինչև 1917-ի հոկտեմբերը պայմանավորված էր Կենտգործկոմում և Պետրոզրադի բանվորների և զինվորների դեպուտատների սովետում ղեկավար դիրքեր գրաված մենշևիկների ու էսեռների համաձայնողական քաղաքականությամբ: Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո «Ի.»ի ղեկավարությունն անցել է բոլշևիկների ձեռքը: Թերթում հրատարակվել են խաղաղության, հողի մասին պատմական դեկրետները և կարևորագույն այլ փաստաթղթեր: «Ի» լայնորեն լուսաբանել է բանվոր դասակարգի և աշխատավոր գյուղացիության պայքարը նոր կյանքի համար, տեղերում սովետական իշխանության մարմինների ստեղծման ու ամրապնդման, օտարերկրյա ինտերվենտների ու ներքին հակահեղափոխության դեմ պայքարի, քաղաքացիական պատերազմում քայքայված ժողտնտեսության վերականգնման հարցերը: Տպագրել է Վ. Ի. Լենինի՝ Սովետական հանրապետության միջազգային դրության հարցերը, բոլշևիկյան կուսակցության և սովետական կառավարության քաղաքականությունը, սոցիալիստական շինարարության կոնկրետ խնդիրները մեկնող բազմաթիվ հոդվածներ: 1923 ից «Ի.» ՍՍՀՄ ԿԳԿ ի և Համառուսաստանյան ԿԴԿ-ի օրգանն է: 1938-ից լույս է տեսնում «ՍՍՀՄ աշխատավորների դեպուտատների սովետների տեղեկագիր», 1977-ից՝ «ՍՍՀՄ ժողովրդական դեպուտատների սովետների տեղեկագիր» անունով: «ի.» արտացոլում է ՍՍՀՄ ժողովուրդների տնտ. ու մշակութային առաջընթացը, պրոպագանդում լենինյան ազգային քաղաքականության սկզբունքները, լուսաբանում միջազգային կյանքը: Հրատարակվում է երկու թողարկումով (1960-ից). երեկոյան՝ մոսկվացիների, առավոտյան՝ այլ քաղաքների ընթերցողների համար: Միության 45 քաղաքներում (1978). այդ թվում նաև Երևանում, տպագրվում է մատրիցայից կամ լուսահեռագրային պատճեններից: 1959 ից լույս է ընծայում կիրակնօրյա «Նեդելյա» պատկերազարդ հավելվածը: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (1949), Հոկտեմբերյան հեղափոխության (1978), Լենինի (1967) շքանշաններով: «Ի.»ի Հայկական ՍՍՀ թղթակիցներ են եղել Վ. Վարդանյանը, Բ. Կարապետյանը, Ա. Բաղդասարյանը, Բ Մկրտչյանը: 1975-ից թղթակից է Ս. Բաբլումյանը:
