Jump to content

ՀՍՀ/«ԻՄՊԵՐԻԱԼԻԶՄԸ ՈՐՊԵՍ ԿԱՊԻՏԱԼԻԶՄԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՍՏԱԴԻԱ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԻՄՊԵՐԻԱԼԻԶՄԸ ՈՐՊԵՍ ԿԱՊԻՏԱԼԻԶՄԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՍՏԱԴԻԱ», Վ. Ի. Լենինի աշխատությունը, բովանդակում է իմպերիալիզմի մասին նրա ուսմունքի համակարգված շարադրանքը: Գրել է Շվեյցարիայում (1916-ի հունվար-հունիս): Լույս է տեսել 1917-ի կեսերին Պետրոգրադում: Աշխատությունը բաղկացած է երկու առաջաբանից (գրված 1917 ս 1920-ին) և տասը գլխից: Լենինն աշխատության մեջ բացահայտել է իմպերիալիզմի փուլում մոնոպոլիաների (տես Մոնոպոլիա կապիտալիստական) առաջացման անխուսափելիությունը, բնորոշել մոնոպոլիաների ձևերը, վեր հանել մրցակցության բնույթի ու եղանակների փոփոխությունները և եզրակացրել՝ մոնոպոլիաների առաջացումը կապիտալիզմի նոր փուլի ամենախոր տնտ. հիմքն է, նրա տնտ. գլխավոր հատկանիշը: Մոնոպոլիաները կապիտալիստական էկոնոմիկայի և քաղաքականության մեջ ծնում են նոր երևույթներ, որոնք իրենց ամբողջության մեջ բնորոշում են կապիտալիզմից անցումն իմպերիալիզմին: Արտադրության ոլորտում կատարվող պրոցեսները նոր երևույթներ են առաջացնում նաև շրջանառության ոլորտում, փոխում բանկերի դերը, որոնք համեստ միջնորդից վերաճում են ամենազոր մոնոպոլիստների: Բանկերի և արդյունաբերության շահերը սերտորեն միահյուսվում են: Բանկային կապիտալն արդյունաբերականի հետ սերտաճելու հիմքի վրա առաջանում է ֆինանսական կապիտալը, որի ծագման պատմությունն ու բովանդակությունը Լենինը բնորոշել է որպես «արտադրության համակենտրոնացում, սրանից առաջացող մոնոպոլիաներ, բանկերի ձուլում կամ սերտաճում արդյունաբերության հետ…» (Երկ., հ. 22, էջ 197): Այսպիսով, Լենինը ցույց է տվել, թե ինչպես կապիտալիստական մոնոպոլիաների տնօրինությունը անխուսափելիորեն վերածվում է ֆինանսական օլիգարխիայի տիրապետության: Ֆինանսական կապիտալի և ֆինանսական օլիգարխիայի տիրապետության պայմաններում կապիտալ-ֆունկցիան կապիտալ-սեփականությունից անջատվում է՝ մերկացնելով կապիտալիզմի պարազիտային էությունը: Կապիտալի արտահանումը իմպերիալիզմի փուլում դառնում է երկրների միջև տնտ. կապերի կարևորագույն ձևերից մեկը: Այն խոր փոփոխություններ է առաջացնում համաշխարհային էկոնոմիկայում, ինչպես նաև առանձին երկրների փոխհարաբերություններում: «Կապիտալ արտահանող երկրներն աշխարհը բաժանել էին իրենց միջև՝ բառիս փոխաբերական իմաստով: Բայց ֆինանսական կապիտալը հասցրեց նաև աշխարհի ուղղակի բաժանման» (նույն տեղում, էջ 325): Կապիտալի արտահանման հիման վրա ձևավորվում և զարգանում են համաշխարհային տիրապետության համար մոնոպոլիաների պայքարի նոր ձևեր՝ աշխարհի տնտ. բաժանում կապիտալիստների միությունների և աշխարհի տերիտորիալ բաժանում մեծ տերությունների միջև: Աշխարհի բաժանումը կապիտալիստների միությունների միջև տեղի է ունենում միջազգային մոնոպոլիաների ձևավորմամբ, որոնք շուկաների, հումքի աղբյուրների համար մղված պայքարում հակասությունների սրման արդյունք են և, իրենց հերթին, էլ ավելի են սրում դրանք: Լենինը ցույց է տվել, որ կապիտալիզմի զարգացման նոր աստիճանին բնորոշ է գաղութային քաղաքականության ուժեղացումը, գաղութների համար պայքարի սրումը, որն անմիջականորեն կապված է գերիշխանության համար մոնոպոլիաների մղած պայքարի հետ: Լենինն աշխատության մեջ տվել է իմպերիալիզմի բնորոշումը, որը ներառում է տնտ. հինգ հիմնական հատկանիշ. «Իմպերիալիզմը կապիտալիզմն է զարգացման այն աստիճանում, երբ գոյացել է մոնոպոլիաների ու ֆինանսական կապիտալի տիրապետություն, աչքի ընկնող նշանակություն է ստացել կապիտալի արտահանումը, սկսվել է աշխարհի բաժանումը միջազգային տրեստների ձեռքով և ավարտվել է աշխարհի ամբողջ տերիտորիայի բաժանումը խոշորագույն կապիտալիստական երկրների կողմից» (նույն տեղում, էջ 354): Այս բնորոշման մեջ Լենինը, ինչպես ինքն է գրել, սահմանափակվել է միայն զուտ տնտ. հիմնական հասկացություններով՝ ժամանակավորապես մի կողմ թողնելով նրա քաղ. կողմը, պատմական տեղը ու «…իմպերիալիզմի և բանվորական շարժման միջև եղած երկու հիմնական ուղղությունների հարաբերությունը: …վերոհիշյալ իմաստով հասկանալով իմպերիալիզմը կապիտալիզմի զարգացման հատուկ ստադիան է անկասկած» (նույն տեղում, էջ 355): Վերլուծելով իմպերիալիզմին բնորոշ հակասությունները՝ Լենինը ցույց է տվել, որ դրանց հիմքը մոնոպոլիան է, որն իր բնույթով անխուսափելիորեն ծնում է լճացման և նեխման տենդենց: Կապիտալի արտահանումը հանգեցնում է ռանտյեների շերտի (տես Ռանտյե) աճման և «…պարազիտիզմի դրոշմ է դնում ամբողջ երկրի վրա, որ ապրում է մի քանի անդրօվկիանյան երկրների ու գաղութների աշխատանքի շահագործումով» (նույն տեղում, էջ 369): Լենինը լուսաբանել է պարազիտիզմի և նեխման պրոցեսի ինտենսիվությունն ու նրա ազդեցությունը բանվոր դասակարգի և բանվորական շարժման վրա: Վերջում Լենինը հանգել է գլխավոր եզրակացությանը՝ իմպերիալիզմի պատմական տեղի բնորոշմանը: Հրատարակության լեգալ բնույթը թույլ չի տվել նրան եզրակացությունն ուղղակի ձևակերպել, որ իմպերիալիզմը սոցիալիստական հեղափոխության նախօրյակն է: Հիմնվելով իմպերիալիզմի, որպես մոնոպոլիստական կապիտալիզմի, տնտ. էության վերլուծության վրա՝ Լենինն այն բնորոշում է որպես անցումային կամ, ավելի ճիշտ, մեռնող կապիտալիզմ: Իմպերիալիզմի լենինյան տեսության կարևորագույն դրույթները հեղափոխության մարքսիստական տեսության հիմքն են: Կապիտալիզմի անհամաչափ զարգացման Լենինի ձևակերպած օրենքը բացահայտում է հեղափոխության հաղթանակի հնարավորությունը սկզբում մի քանի, կամ նույնիսկ մեկ առանձին երկրում: Այս ուսմունքը ամբողջ աշխարհի բանվոր դասակարգին հնարավորություն տվեց մշակելու սոցիալիստական հեղափոխության համար մղվող պայքարի հստակ ծրագիր, հեռանկարներ բացեց գաղութային և կախյալ երկրների ժողովուրդների ազատագրական պայքարի համար: Աշխատությունն առաջին անգամ հայերեն հրատարակվել է 1920-ին Մոսկվայում, այնուհետև, մինչև 1977-ի մարտը, առանձին գրքով լույս է տեսել յոթ անգամ: