Jump to content

ՀՍՀ/«ԻՆՅՈՒՐԿՈԼԵԳԻԱ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԻՆՅՈՒՐԿՈԼԵԳԻԱ» ռուս. Иностранная) юр(идическая) коллегия—օտարերկրյա իրավաբանական կոլեգիա, միջազգային մասնավոր իրավունքի հարցերով մասնագիտացված իրավաբանական կոնսուլտացիա ՍՍՀՄ-ում: Կազմակերպվել է 1937-ին՝ փաստաբանների Մոսկվայի քաղաքային կոլեգիային կից՝ արտասահմանում սովետական քաղաքացիների ու կազմակերպությունների քաղաքացիական գործերը վարելու, ՍՍՀՄ-ում օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձանց քաղաքացիական գործերով ներկայացուցչությունն իրականացնելու, գույքային շահերը պաշտպանելու համար: «Ի.» վարում է ժառանգության, կենսաթոշակային, ամուսնալուծության, ալիմենտ բռնագանձելու, ավանդների, ապահովագրական հատուցման, ինչպես նաև ծովային, երկաթուղային, օդային փոխադրումներից, արտաքին առևտրական գործարքներից բխող վնասների հատուցման գործեր: «Ի.» սովետական քաղաքացիների ու կազմակերպությունների անձնական և գույքային շահերը արտասահմանում պաշտպանում է թղթակիցների՝ օտարերկրյա փաստաբանների միջոցով, որոնք իրենց երկրների օրենսդրությանը համապատասխան կարող են լինել արտասահմանցիների ներկայացուցիչներ: Նրանք գործերը վարում են կոմիսիոն հիմունքներով: «Ի.» զգալի գործունեություն է ծավալում ՍՍՀՄ քաղաքացիների օգտին արտասահմանում բացված ժառանգության կապակցությամբ: «Ի.» Երևան քաղաքում ունի բաժանմունք, որն զբաղվում է ՀՍՍՀ, Ադրբեջանական և Վրացական ՍՍՀ-ների քաղաքացիների ժառանգության հարցերով:

Գ. Ղարախանյան