ՀՍՀ/«ԻՆՔՆԻՆ ԻՐ»
«ԻՆՔՆԻՆ ԻՐ», փիլիսոփայական տերմին, որը նշանակում է իրը, ինչպես այն կա ինքնին, անկախ ամեն ինչից, այդ թվում՝ մարդկային մտածողությունից, ի տարբերություն այն բանի, որ այն որպես «երևույթ» գոյություն ունի «մեզ համար»: Ի. Կանտի հիմնական հասկացություններից է, որում արտահայտվում է նրա ուսմունքի հակասական բնույթը: «Ի. ի.» նշում է գիտատեսական գիտելիքի բովանդակության արտաքին աղբյուրը, բայց, որքանով այն գոյություն ունի ինքնին, սկզբունքորեն բացառվում է նրա ճանաչման հնարավորությունը: «Երբ Կանտը ենթադրում էր, որ մեր մտապատկերներին համապատասխանում է ինչ-որ բան մեզանից դուրս, ինչ-որ ինքնին իր,—Կանտն այստեղ մատերիալիստ է: Երբ նա այդ ինքնին իրը հայտարարում է անիմանալի, տրանսցենդենտ, այնկողմային,—Կանտը հանդես է գալիս որպես իդեալիստ» (Լենին Վ. Ի., Երկ., հ. 14, էջ 257): Գիտական իմացությանը անմատչելի «Ի. ի.» Կանտի ուսմունքում նշանակում է նաև այն «էությունները», որ հավատի առարկա են, ուստի և «Ի. ի.»ի գոյության գիտական («բանական») ապացուցումը անհնար է: «Էությունները» դուրս բերելով գիտական մտածողության ոլորտից, Կանտը փորձում է դրանք դարձնել անխոցելի բնագիտական քննադատության համար, ենթադրելով, որ դրանց ճանաչման անհրաժեշտությունը թելադրվում է բարոյագիտության հիմնավորման խնդիրներով: Մարքսիստական փիլիսոփայությունը գտնում է, որ իրերի աշխարհը իրոք գոյություն ունի «ինքնին», սակայն մերժում է «Ի. ի.»ի մասին ագնոստիկական և իդեալիստական եզրակացությունները: Ճանաչողության ընթացքում և շնորհիվ պրակտիկայի «Ի. ի.» ճանաչվում և դառնում է «իր մեզ համար»:
Լ. Աբրահամյան
