ՀՍՀ/«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԱՆՈՒՄ»
«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԱՆՈՒՄ», ուսմունք պետական մարմինների կազմակերպման մասին: Առաջ է քաշել բուրժուազիան՝ բացարձակ միապետության դեմ մղվող պայքարում: «Ի. բ.»ման ուսմունքը զարգացրել է Շ. Մոնտեսքյոն: Ըստ «ի. բ.»ման պետությունը ոչ թե ամբողջական հաստատություն է, այլ օրենսդրական, գործադիր և դատական ֆունկցիաները միմյանցից անկախ իրականացնող մարմինների միություն: Աբսոլյուտիզմի և թագավորական կամայականությունների դեմ բուրժուազիայի պայքարում «Ի. բ.»ման ուսմունքը պատմականորեն առաջադիմական նշանակություն է ունեցել, մի շարք երկրներում օգտագործվել է բուրժուազիայի և միապետության փոխզիջումը հիմնավորելու համար: Ինչպես նշում են Կ. Մարքսն ու Ֆ. Էնգելսը, «… այն երկրում, որտեղ տվյալ ժամանակ տիրապետության համար պայքարում են թագավորական իշխանությունը, արիստոկրատիան և բուրժուազիան, որտեղ հետնաբար, տիրապետությունը բաժանված է, այնտեղ տիրապետող միտքն է հանդիսանում իշխանության բաժանման ուսմունքը…» (Ընտիր երկ., հ. 1, 1972, էջ 51): ԱՄՆ-ում գործող սահմանադրությունը մշակելիս «Ի. բ.»ման սկզբունքը օգտագործվել է պրեզիդենտական ուժեղ իշխանություն ստեղծելու նպատակով: Սակայն քաղ. իշխանությունը զավթելուց հետո բուրժուազիան «Ի. բ.»ման սկզբունքը կիրառել է անհետևողականորեն: Այդ սկզբունքից հրաժարվելու օրինակ է կապիտալիստական երկրներում պառլամենտի ակտերի նկատմամբ պրեզիդենտի վետոյի, սահմանադրական օրենքների նկատմամբ դատական հսկողության իրավունքը:
