Jump to content

ՀՍՀ/«ԻՍԿՐԱ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԻՍԿՐԱ» («Искра», «Կայծ»), Վ. Ի. Լենինի ստեղծած համառուսական քաղաքական, մարքսիստական առաջին անլեգալ պարբերաթերթը: Լույս է տեսել 1900—05-ին: Խմբագրավայրը՝ Մյունխեն (1900—02), Լոնդոն (1902), Ժնև (1903—05): Տպագրվել է Լայպցիգում: Սկզբում ամսաթերթ էր, 1902-ից՝ երկշաբաթաթերթ: Թերթի նպատակն էր հաղթահարել ռուս. սոցիալ-դեմոկրատիայի գաղափարական մասնատվածությունը, համախմբել տեղական կազմակերպություններն ու խմբակները, ձերբազատել դրանք օպորտունիստական տարրերից: Խմբագրության կազմում էին Վ. Ի. Լենինը, Գ. Պլեխանովը, Լ. Մարտովը, Պ. Աքսելրոդը, Վ. Զասուլիչը և U. Պոտրեսովը: Լենինն էր մշակում թերթի յուրաքանչյուր համարի պլանը, գրում շատ հոդվածներ, հեղինակներ գտնում և հոգում թերթը Ռուսաստան առաքելու գործը: «Ի.»ի հրատարակմանն աջակցել են Կ. Ցետկինը, Ա. Թրաունը, Յու. Մարխլեսկին, Կ. Կվելչը: Խմբագրությունը հրատարակել է նաև «Զարյա» ամսագիրը, գրքեր, բրոշյուրներ, թռուցիկներ: Թերթի մշտական բաժիններն էին «Կուսակցությունից», «Մեր հասարակական կյանքից», «Բանվորական շարժման խրոնիկա և նամակներ գործարաններից ու ֆաբրիկաներից», «Գյուղից», «Արտասահմանյան տեսություն», «Փոստարկղ»: Բնաբան էր վերցված դեկաբրիստների «Կայծից բոց կբոնկվի» ասույթը: «Ի.» լուսաբանել է Ռուսաստանի ներքին կյանքը, օգնել բանվորներին, գյուղացիներին և առաջավոր մտավորականությանը ճիշտ կողմնորոշվելու երկրում տեղի ունեցող իրադարձություններում, մերկացրել ցարիզմը: Հեղափոխական մարքսիստական տեսությունը պաշտպանել է օպորտունիզմից, պայքարել բուրժ. լիբերալիզմի և Էսեռների, մանրբուրժուական գաղափարների, նացիոնալիզմի, ազգային երկպառակության, գաղութակալության դեմ: Ջատագովել է պրոլետարական ինտերնացիոնալիզմը, լուսաբանել միջազգային բանվորական և ագգային-ազատագրական շարժումները, պրոպագանդել դեմոկրատական մշակույթն ու առաջադիմական, հեղափոխական գրականությունը: «Ի.»ի գործունեությունն ուղղված էր հեղափոխական կուսակցություն ստեղծելու նպատակին: 1902-ին Սամարայում հիմնադրվում է «Ի.»ի ռուս, կազմակերպության բյուրոն՝ ռուս, մարքսիստների գաղափարական և կազմակերպչական կենտրոնը, ստեղծվում են թերթի գործակալական ցանց և իսկրայական խմբեր, որոնք հետագայում դարձան բոլշևիկյան կուսակցության միջուկը: ՌՍԴԲԿ-ի II համագումարը նշել է «Ի.»ի բացառիկ դերը կուսակցության ստեղծման գործում, այն հայտարարել ՌՍԴԲԿ-ի կենտրոնական օրգանը, ընտրել խմբագրություն, որի կազմում էին Լենինը, Պլեխանովը և Մարտովը: Սակայն Լենինի և, մյուս կողմից՝ Պլեխանովի ու Մարտովի միջև ծագած սկզբունքային հակադրության պատճառով Լենինը դուրս եկավ «Ի.»ի խմբագրության կազմից: 53-րդ համարից «Ի.» դադարեց հեղափոխական մարքսիզմի մարտական օրգանը լինելուց և դարձավ օպորտունիստ-մենշևիկյան: Թերթի հրատարակումը դադարեց 1905-ին, 112-րդ համարից: Լենինյան «ի.»ի գործունեությամբ է պայմանավորված բոլշևիկյան հայ պարբերական մամուլի ստեղծումը: «Ի.» և նրա հրատարակությունները տարածվել են Երևանում, Ալեքսանդրապոլում (Լենինական), Ջալալօղլիում (Ստեփանավան), Կարսում և այլուր: Լենինյան «Ի.» լայնորեն լուսաբանել է Անդրկովկասի (մասնավորապես Հաղպատի) հեղափոխական իրադարձությունները, մեծ տեղ հատկացրել բանվորական շարժումներին: Լենինը «Ի.»ի 33-րդ համարում անդրադարձել է «Պրոլետար» թերթում տպագրված «Հայ սոցիալ-դեմոկրատների միության» մանիֆեստին, ընդգծել նրանում ազգային հարցի ճիշտ դրվածքը: Լենինյան «Ի.»ի գործունեությանը ակտիվ մասնակցել են Բ. Կնունյանցը և Ս. Շահումյանը:

Գրկ. Волин М., Ленинская «Искра» (1900—1903), М., 1964 Ленинская «Искра», М., 1970 (ունի մատենագիտություն):