Jump to content

ՀՍՀ/«Ի՛ՆՉ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ ԵՎ ԻՆՉՊԵ՛Ս ԵՆ ՆՐԱՆՔ ՄԱՐՏՆՉՈՒՄ ՍՈՑԻԱԼ-ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԻ ԴԵՄ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
«Ի՛ՆՉ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ ԵՎ ԻՆՉՊԵ՛Ս ԵՆ ՆՐԱՆՔ ՄԱՐՏՆՉՈՒՄ ՍՈՑԻԱԼ-ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԻ ԴԵՄ» | Հայկական Սովետական Հանրագիտարան • Հատոր 4 (տեսածրված) • 1978

«Ի՛ՆՉ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ ԵՎ ԻՆՉՊԵ՛Ս ԵՆ ՆՐԱՆՔ ՄԱՐՏՆՉՈՒՄ ՍՈՑԻԱԼ-ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԻ ԴԵՄ» (Պատասխան մարքսիստների դեմ ուղղված «Русское богатство»ի հոդվածներին), Վ. Ի. Լենինի աշխատությունը՝ նվիրված պրոլետարական կուսակցության ստեղծման, դիալեկտիկական և պատմական մատերիալիզմի, քաղաքատնտեսության և գիտական սոցիալիզմի տեսության հարցերին: Գրվել է 1894-ի գարնանը-ամռանը, առաջին անգամ տպագրվել է 1894-ին: Գրքում Վ. Ի. Լենինը մատերիալիստական դիրքերից մերկացրել է նարոդնիկության փիլ. իդեալիզմն ու հետազոտման մետաֆիզիկական մեթոդը: Ի հակադրություն նարոդնիկների, Վ. Ի. Լենինը հիմնավորեց պատմական մատերիալիզմի այն հանրահայտ դրույթը, թե հասարակության զարգացումը բնապատմական պրոցես է, օբյեկտիվ օրինաչափություն, որ մարդկային հասարակության պատմությունը եղել է, կա ու կմնա որպես ժողովրդի, դասակարգերի ու դասակարգային պայքարի պատմություն: Վ. Ի. Լենինը սուր քննադատության ենթարկեց նարոդնիկների «իդեաներն են կառավարում աշխարհը» տեսակետը, հիմնավորելով պատմական մատերիալիզմի այն կարևոր դրույթը, որ հասարակական ֆորմացիաները փոփոխվում են դասակարգային պայքարի միշոցով, իդեաներն ու հայացքները ծնվում են այդ պայքարում ու ներգործում նրա ընթացքի վրա: Սուր քննադատության ենթարկվեցին նաև Ռուսաստանի տնտ. և քաղ. կյանքի զարգացման վերաբերյալ նարոդնիկների հայացքները: Ռուսաստանը համարելով ինքնատիպ ագրարային երկիր, նարոդնիկները չէին ընդունում, որ այն նույնպես պետք է զարգանա կապիտալիզմի ուղիով: Ռուսաստանի մի քանի նահանգների վերաբերյալ կատարած ուսումնասիրությունների հիման վրա Վ. Ի. Լենինը ցույց տրվեց, որ այսպես կոչված «ժողովրդական արտադրությունը», որի վրա հենվում էին նարոդնիկները, իրենից ներկայացնում է կապիտալիստական արտադրություն, որը ի վերջո տանում է դեպի խոշոր կապիտալիզմ: Աշխատության մեջ Վ. Ի. Լենինը համոզիչ կերպով ցույց տվեց, որ 1880-1890-ական թթ. նարոդնիկությունը համակերպվել է ցարական կարգերի հետ, դարձել գյուղական բուրժուազիայի՝ կուլակության շահերի պաշտպանը և բոլորովին հեռացել է 1860-70-ական թթ. նարոդնիկության հեղափոխական ավանդույթներից: Վ. Ի. Լենինը պաշտպանեց բանվոր դասակարգի «…որպես ամբողջ աշխատավոր բնակչության ազատագրման համար մարտնչողի» (Լենին Վ. Ի., Երկ., հ. 1, էջ 366) մասին մարքսիստական տեսությունը և ընդգծեց, որ այն ամբողջապես վերաբերվում է նաև Ռուսաստանի բանվոր դասակարգին, որը դարձել է երկրի հասարակական-քաղ. կյանքի աոաշատար ուժը և իր ձեռքն է վերցրել ցարիզմի ու ճորտատիրության դեմ մղվող պայքարի նախաձեռնությունը: Վերլուծելով Ռուսաստանի հասարակական-քաղ. իրադրությունը և հիմնավորելով պրոլետարիատի գլխավորությամբ բանվորա-գյուղացիական դաշինքի հիման վրա ցարիզմի տապալման անհրաժեշտությունը՝ Վ. Ի. Լենինը միաժամանակ ընդգծեց մարքսիստական կուսակցություն ստեղծելու անհրաժեշտությունը: Աշխատությունը առաջին անգամ հայերեն հրատարակվել է 1930-ին, Երեվանում: Մինչև 1978-ը հայերեն հրատարակվել է 11 անգամ: