ՀՍՀ/«ԼԱ ՍԿԱԼԱ»
«ԼԱ ՍԿԱԼԱ» (La Scala, լրիվ անունը՝ Teatro alia Scala), օպերային թատրոն Միլանում, համաշխարհային օպերային մշակույթի խոշորագույն կենտրոններից: Շենքը կառուցվել է 1776—78-ին (ճարտ. Ջ. Պիեռմարինի), «Սանտա Մարիա դել-լա Սկալա» եկեղեցու տեղում (այստեղից էլ՝ անունը): Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ավերվել է (1943-ի օգոստ. 16-ին): Վերականգնել է ինժեներ Լ. Սեկկին (վերաբացումը՝ 1946-ին): «Լա Ս.»ում են առաջին անգամ բեմադրվել Ռոսինիի «Փորձաքար» (1812), «Գող կաչաղակ» (1817), Բելլինիի «Նորմա» (1831), Դոնիցետտիի «Լուկրեցիա Բորջա». (1833), Վերդիի «Նաբուգոդոնոսոր» (1842), «Օթելլո» (1887), «Ֆալստաֆ» (1893), Պուչչինիի «Մադամ Բատերֆլայ» (1904), «Տուրանդոտ» (1926) և շատ այլ օպերաներ: Բեմադրվել են նաև արտասահմանյան կոմպոզիտորների՝ Շ. Գունոյի, Ռ. Վագների, Ռ. Շտրաուսի, Կ. Դեբյուսիի, ռուս և սովետական կոմպոզիտորներից՝ Պ. Չայկովսկու, Մ. Մուսորգսկու, Դ. Շոստակովիչի օպերաները: «Լա Ս.»ում հանդես են եկել իտալացի և արտասահմանյան նշանավոր օպերային արտիստներ (Ջ. Բ. Ռուբինի, Ջ. Պաստա, Ա. Պատտի, Մ. Բատիստինի, Հ. Դարկլե, է. Կառուզո, Ֆ. Շալյապին, Լ. Սոբինով, Բ. Ջիլի, Մ. դել Մոնակո, Բ. Խրիստով, Մ. Կալլաս, Ջ. Մատերլենդ և ուրիշներ) ու դիրիժորներ: 1898—1903-ին և 1921—29-ին գլխավոր դիրիժորն էր Ա. Տոսկանինին: 1960—1970-ական թթ. նշանավոր բեմադրություններից են՝ Պուչչինիի «Բոհեմա» (1963), վագների «Նիբելունգի մատանին» (1963), Վերդիի «Մակբեթ» (1964), Մուսորգսկու «Խովանշչինա» (1967, 1971) և «Բորիս Դողունով» (1967), Ռոսինիի «Կորնթոսի պաշարումը» (1969, XX ղ. բեմադրվել է առաջին անգամ): Սկսած 1960-ական թթ. «Լա Ս.»ում վերապատրաստվում են սովետական, այդ թվում և հայ երիտասարդ երգիչներ: 1964-ին «Լա Ս.»ի օպերային խումբը հանդես է եկել ՍՍՀՄ-ում:
