ՀՍՀ/«ԼԵԳԱԼ ՄԱՐՔՍԻԶՄ»
«ԼԵԳԱԼ ՄԱՐՔՍԻԶՄ», Ռուսաստանի լիբերալ բուրժուական մտավորականության շրջանում XIX դ. 90-ական թթ. առաջացած գաղափարական-քաղաքական հոսանք: «Լ. մ.»ի գլխավոր ներկայացուցիչներ Պ. Ստրուվեն, Ս. Բուլգակովը, Մ. Տուգան-Բարանովսկին, Ն. Բերդյաևը հանդես էին գալիս լեգալ մամուլում (այստեղից էլ՝ անվանումը), հրատարակում էին «Նովոյե սլովո» («Новое слово»), «Նաչալո» («Начало»), «Ժիզն» («Жизнь») ամսագրերը: Մարքսիզմից վերցնելով լիբերալ բուրժուազիային նպաստավոր առանձին հետևություններ, «լեգալ մարքսիստները» կամայականորեն նրանից դեն էին նետում նրա հեղափոխական ոգին: Ինչպես ցույց է տվել Վ. ի. Լենինը, «Լ. մ.» «…այլասերում էր սոցիալիստական գիտակցաթյունը, գռեհկացնելով մարքսիզմը, քարոզելով սոցիալական հակասությունների բթացման թեորիան, անհեթեթություն հայտարարելով սոցիալական ռևոլյուցիայի, պրոլետարիատի դիկտատուրայի գաղափարը, բանվորական շարժումն ու դասակարգային պայքարը» (Երկ., հ. 5, էջ 478): Ելնելով այն բանից, որ «լեգալ մարքսիստները» ևս հանդես էին գալիս մարքսիզմի բացահայտ թշնամի նարոդնիկության դեմ, Վ. ի. Լենինը թույլատրելի է համարել «Լ. մ.»ի հետ ժամանակավոր համաձայնությունը: Միաժամանակ Վ. Ի. Լենինը իր «Նարոդնիկության տնտեսական բովանդակությունն ու նրա քննադատությունը պ-րն Մտրուվեի գրքում» հոդվածի մեջ ջախջախիչ քննադատության ենթարկեց «Լ. մ.», մերկացնելով նրա լիբերալ բուրժ. էությունը, «լեգալ մարքսիստներին» անվանելով բուրժ. գաղափարախոսության արտահայտիչներ, մարքսիզմի դիմակավորված թշնամիներ: «Իսկրա»ի լույս ընծայումից (1900-ի դեկտեմբեր) հետո «Լ. մ.» որպես գաղափարական հոսանք դադարեց գոյություն ունենալուց: Հետագայում «լեգալ մարքսիստները» դարձան կադետներ, իսկ Հոկտեմբերյան հեղափոխությունից (1917) հետո՝ կատաղի սպիտակգվարդիականներ: Հայ իրականության մեջ «Լ. մ.» դրսևորվել է նացիոնալիզմի հետ շաղախված: 90-ական թթ. հայ մամուլում մարքսիզմը լիբերալ-նացիոնալիստական աղավաղման ենթարկվեց հատկապես դաշնակցական գաղափարախոսների կողմից, որոնք պաշտպանում էին բուրժ. ամեն տեսակի տեսությունները: Մարքսիզմի տարածման, ս-դ. շարժման ծավալման շնորհիվ նացիոնալիստական այդ տեսությունները ժամանակին գաղափարապես ջախջախվեցին՝ ուղի հարթելով հայ աշխատավորությանը հեղափոխական շարժման մեջ համախմբելու համար:
Գրկ. Լենին Վ. Ի. Նարոդնիկության տնտեսական բովանդակությունն ու նրա քննադատությունը պ-րն Ստրուվեի գրքում, Երկ., հ. 1: Նույնի, II Ինտերնացիոնալի կրախը, Երկ., հ. 21: Գ. Հովհաննիսյան
